ՆՇԱՁՈՂՆ ԸՆԿԵԼ Է՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՄԵԳԱ ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Հալքանոթի մեջ զետեղված ժամանակ…
«2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշել է բանակցությունները սկսել իր «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից՝ սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը» և ինչում է այդ մոտեցման էությունը։
Եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում էր որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Հայաստանի նոր իշխանությունները ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, թե պատերազմն անխուսափելի է»,- ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի (2008-2018) «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ռենտգեն» գրքի 55-րդ էջում։ Մեջբերում վերցված է ազդեցիկ ֆրանսիական պարբերականին հեղինակի տված հարցազրույցից, ստորև կներկայացնենք այդ հարցազրույցից ևս մեկ մեջբերում:
Գիրքը հրատարակվել է այս տարի, դրանում ցույց է տրված, թե ինչպես Ադրբեջանը, որը 10 տարի շարունակ մերժել է համանախագահների բոլոր առաջարկները ոչ միայն հակամարտության քաղաքական կարգավորման, այլև վստահության միջոցների ամրապնդման և հրադադարի երաշխիքների վերաբերյալ, հանկարծ ստացավ այն, ինչը իրեն չէր հաջողվել ստանալ նշյալ ժամանակահատվածում. Բաքուն առիթ ստացավ մեղադրելու Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ:
Փաշինյանը բազմիցս խորհրդարանի ամբիոնից մեղադրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բանակցությունները տապալելու մեջ՝ շահարկելով այն ելույթը, որը նա հնչեցրեց 2018 թվականի ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո: Սարգսյանը նույն ամբիոնից մատնանշել էր բանակցային գործընթացի դժվարությունները: Շահարկելով այդ խոսքերը՝ Փաշինյանը փորձում է բանակցությունների ձախողման մեղքը բարդել հանրապետականների կառավարության վրա։
Նալբանդյանի աշխատությունը երեք լեզուներով միավորել է ահռելի քանակությամբ փաստաթղթեր և 2008-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված հսկայական աշխատանքի այլ վկայություններ: Գրքում մանրամասն նկարագրված է, թե ինչ փուլում էր բանակցային գործընթացը, երբ իշխանության եկավ դավաճանի հանցախումբը: Դա ոչ այնքան «ռենտգեն» է, որքան ժամանակի զետեղում հալքանոթի մեջ, որտեղ տարրալուծված և նշված են 10-ամյա դիվանագիտական գործընթացի բոլոր մանրամասները, որը խափանվեց փողոցի կոպիտ ներխուժումով մեծ քաղաքականություն։
Այդ ծավալուն աշխատությունն անհնար է հպանցիկ վերապատմել մեկ հոդվածի շրջանակներում, բայց առանց դրան ծանոթանալու դժվար է պատկերացնել ձեռքբերումների և հեռանկարների իրական մասշտաբները, որոնք մի ակնթարթում փոշիացվեցին բանակցությունները «իր կետից» սկսելու պատրաստակամության մասին ինքնավստահ պոպուլիստական հայտարարությամբ: Տգիտությունը արդի հայկական քաղաքականության և դիվանագիտության պատուհասն է, հայ դիվանագետի գիրքը հերքում է բանակցությունների ձախողման և Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիայի մեղքը երկրի նախկին ղեկավարության վրա բարդելու նպատակ է հետապնդող փաշինյանական քարոզչության հիմնական դրույթները։
Միջնորդների ճնշման մասին Ալիևի հայտարարությունը 2016թ. հոկտեմբերի 7-ին
Ի լրումն ներկայացնեմ խոստացված մեջբերումը Politique Internationale ամսագրին տված հարցազրույցից (Փարիզ 2021թ.):
«Հարց.- Որոշ աղբյուրների համաձայն, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ անվտանգության երաշխիքներ...
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ.- ՍԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ Է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։ Շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ի.Ալիևը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ»։
ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, ԹԵ «ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԱՐԴՅՈՔ ԽՈՒՍԱՓԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ», Նալբանդյանը պատասխանել է. «Հնարավոր էր և անհրաժեշտ էր»։
Աղետի հետևանքները
Բացի արտասահմանյան և հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներից, գրքում ներկայացված են հայկական խորհրդարանում պատգամավորների հարցերին տրված պատասխանները, նյութեր, որոնք վերաբերում են 2016 թվականի ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի 4-օրյա ագրեսիային, ճեպազրույցների բովանդակությունը, ներառյալ այն, որը նվիրված էր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին (20.06.2016)։
Գրքում ներկայացված է ելույթների ծավալուն ժողովածու, ներառյալ ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներում (23.09.2016), ներկայացված է նաև 2008-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը:
Ժամանակագրության առաջին տողը թվագրված է 2008թ. ապրիլի 2-3-ով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ»: Վերջին տողը թվագրված է 2018 թվականի ապրիլի 23-ով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»:
Գրքում հավաքված նյութերը 10 տարվա իրադարձությունների ամենահավաստի ուղեցույցն են, իսկ բացի այդ՝ դրանք այն բարձունքի ստույգ ցուցանիշն են, որից ազատ անկումը մեր երկիրը սկսեց 2018-ի գարնանը: Դրա ապացույցները շատ են, բայց ես հղում կանեմ միայն մեկ փաստի. 10 տարի շարունակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարել է Ֆրանսիայում և համատեղության կարգով նաև Իսրայելում, Վատիկանում, Անդորրայում (նստավայրը՝ Փարիզ) ՀՀ դեսպանի պաշտոնում աշխատանքի փորձ ունեցող մարդը, Եգիպտոսում, համատեղության կարգով՝ Մարոկկոյում, Օմանում (նստավայրը՝ Կահիրե) դեսպանի ստաժ ունեցող պրոֆեսիոնալը: Նալբանդյանը գլխավորել է հայկական պատվիրակությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, տարբեր գագաթնաժողովներում և միջազգային խորհրդաժողովներում, եղել է Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների կոմիտեի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նախագահ։ Նախկին նախարարը ՄՀՄՊԻ-ի շրջանավարտ է, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարաբերությունների վերաբերյալ մի շարք հետազոտությունների և հրապարակումների հեղինակ, ՄՀՄՊԻ-ի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր... Այսպիսին է կենսագրության փաստերի համառոտ ցանկը, որոնց կարելի է ծանոթանալ Նալբանդյանի գրքում:
Մենք ներկայացրեցինք այս հակիրճ թվարկումը, որպեսզի ընթերցողն ավելի ճշգրիտ պատկերացնի այն անդունդը, ուր գահավիժեց երկիրը 2018 թվականի գարնանը իշխանության զավթումից հետո: Կադրային դիվանագետի փոխարեն, որն աշխարհի հզորների հետ խոսում էր հավասար դիրքերից, Հայաստանը ստացավ արտաքին գործերի նախարար՝ Օմեգա մականունով թուրքական գործակալի անցյալով: Մեծապես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ գրքին՝ ավելի հստակ պատկերացնելու համար «թավշե հեղափոխություն-2018» անվանումով աղետի հետևանքները։ Այս գիրքը անցյալի մասին չէ, այն ներկա օրվա մասին է, նշաձողի անկման մասին՝ համաշխարհային մակարդակից մինչև Արարատ Միրզոյան։