Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրգործ չի հարուցվել

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ այս պահի դրությամբ չի հարուցվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։

Նույն օրը դատախազությունից հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Թեև ձայնագրությունն ակնհայտ պարունակում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, լիազորություններն անցնելու, առանձին դրվագներում նաև սպառնալիքի տարրեր, սակայն ՔԿ-ն մտորումների մեջ է ու չի շտապում իրավական գնահատական տալ։