ԱԼԻԵՎԸ ՄԵՐԿԱՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԲԱՔՎԻ ԳՈՐԾԱԿԱԼԻ

Հորթի հրճվանք, որը փոխարկվում է խոճկորի ճղավոցի…

Ֆրանսիայի հրապարակում վրանային ճամբարի հավաքումը առաջացրեց նիկոլական քարոզչամեքենայի անառողջ արձագանքը՝ հորթի հրճվանքի տեսքով, որը երբեմն փոխարկվում է խոճկորի ճղավոցի։

Անցած շաբաթվա վերջին այդ ցուցադրական ցնծությունը ձեռք բերեց քաղաքական պարտիքի ցայտուն արտահայտված բնույթ. յուրաքանչյուր ուսապարկ պարտավոր էր հյուրընկալվել իշխանության հեռուստաալիքներից մեկում՝ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ծրագրերի ձախողման» առթիվ ուրախություն արտահայտելու համար։ Որպես օրինակ հղում կատարեմ Վիգեն Խաչատրյանի սկանդալային հայտարարությանը, թե «հայ հանրությունը պետք է համբերությամբ զինվի, քանի որ նրան Արցախի վերաբերյալ միջանկյալ որոշում է սպասվում»։ Կարծում եմ, որոշման էությունը որևէ մեկին բացատրելու հարկ չկա. նախկին ռամկավարը նկատի ուներ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումը։

Ռեժիմի քարոզչամեքենան կաշվից դուրս է գալիս, որպեսզի հավասարեցնի վրանների հավաքումը փողոցային պայքարի ավարտի։ Ակներև է բացահայտ խեղաթյուրումը. մայրաքաղաքի կենտրոնում վրանների առկայությունը դիմադրության միակ ցուցիչը չէ։ Շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումը թևակոխել է պայքարի հաջորդ փուլ: Նրա խոսքերով, երկրորդ և երրորդ նախագահները նպատակ չունեն պայքարել իշխանության համար, նրանց նպատակները կապված են ընթացիկ մարտահրավերների հետ, ներառյալ նրանք, որոնք հուլիսին կարող են հանգեցնել Բերձորի կորստին:

Սաղաթելյանն ընդգծեց, որ ընդդիմության փողոցային գործողություններն ուղղված են այն ռիսկերի և վտանգների դեմ, որոնք թակում են յուրաքանչյուր հայի տան դուռը: Ավաղ, ոչ բոլոր տանտերերն են ի վիճակի դուրս գալ հարմարավետության գոտուց և հաղթահարել սահմանազատման և Բաքվի պայմաններով խաղաղ համաձայնագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ պատրանքները։ Սաղաթելյանը հղում կատարեց նաև ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների արձագանքին, որոնք փողոցային ակցիաների մեջ վտանգ են տեսնում Ալիևի և Էրդողանի ծրագրերի համար։ Երկու ամսում Շարժումը դարձել է միջազգային քաղաքականության գործոն, իրազեկել ուժի համաշխարհային կենտրոններին, որ Նիկոլը սպասարկում է արտաքին ուժերի շահերը՝ ի վնաս հայ ժողովրդի շահերի։ Նիկոլական քարոզչամեքենայի ցնծությունը երկար չի տևի, փողոցային պայքարի նոր փուլը դեռ կստիպի տագնապել ուսապարկերի առաջնորդին, սորոսաճտերին և թուրք-ադրբեջանական այլ գործակալներին։

Ներկայիս Ազգային-ազատագրական շարժումը հաճախ համեմատում են 1988թ. շարժման հետ՝ նրան ներկայացնելով ակնհայտ ուռճացված պահանջներ և մոռանալով, որ առաջին Շարժմանը ամբողջ 2 տարի պահանջվեց իր նպատակին հասնելու համար։

Հայոց համազգային շարժումը սկսվեց 1988-ի փետրվարին և ձգվեց 2 տարի, մինչև որ 1990-ի մայիսի 20-ին տեղի ունեցան Գերագույն խորհրդի ընտրությունները, որի կազմ անցան Կոմկուսն ու ՀՀՇ-ն, իսկ խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն թվականի օգոստոսի 23-ին ԳԽ առաջին նիստում ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը: Այդ շարժումը համընկավ ԽՍՀՄ փլուզման, Լեռնային Ղարաբաղի ազատագրման և անկախության հռչակման համար ռազմական հակամարտության հետ։ ԱՄՆ-ը աջակցեց 1988թ. Շարժմանը՝ որպես Միության փլուզումն արագացնող տարրերից մեկին։

Ով է պիտակներ փակցնում

Ներկայիս Շարժումը չի վայելում հավաքական Արևմուտքի աջակցությունը, քանի որ ռեժիմին հաջողվել է արևմտյան գործընկերների մոտ պատկերացում ձևավորել խորհրդարանական ընդդիմության մասին՝ որպես Կրեմլի գործակալի: Ռեժիմին ծառայող վայ-քաղաքագետների ոչ մի ելույթ չի հնչում առանց խորհրդարանական ընդդիմության վրա Պուտինի գործակալների պիտակ փակցնելու փորձի։

Իրականում Ռոբերտ Քոչարյանին եվ Սերժ Սարգսյանին իրենց նախագահության տարիներին մեղադրում էին ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման մեջ։ Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանը անդամակցեց Եվրատլանտյան գործընկերության խորհրդին (ԵԱԳԽ)։ Այդ կառույցի շրջանակներում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորություն ստացավ պարբերաբար մասնակցելու անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության խորհրդակցություններին։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրի իրականացումը երկար տարիներ նպաստել է պաշտպանական ոլորտի արդիականացմանը՝ միջազգային փորձի հաշվառումով։ Փոխլրացման քաղաքականությունը դրսևորվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին մեր երկրի ակտիվ մասնակցությամբ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ։ Միջազգային անվտանգության ապահովման ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ՀՀ համագործակցությունը դրսևորվել է Կոսովոյում և Իրաքում խաղաղապահ գործողություններին հայկական ստորաբաժանումների և մասնագետների մասնակցությամբ:

Երկրորդ և երրորդ նախագահների օրոք Հայաստանը ոչ միայն օգտագործել է միջազգային անվտանգության համակարգի ձեռքբերումները, այլև իր ներդրումն ունեցել այդ նվաճումների մեջ։ Երևանի ռազմաքաղաքական վարկանիշը շատ բարձր էր միջազգային հարթակում։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը համատեղ գործողություններից հետո ձեռք էր բերել ոչ միայն ռազմաքաղաքական, այլև զուտ ռազմական նշանակություն։ Պաշտպանական քաղաքականությունը կառուցվում էր հավասարակշռվածության սկզբունքի վրա։

Եթե 4 տարվա ընթացքում հայկական զինված ուժերը կորցրել են նման գործընկերության հնարավորությունը, ապա դա Փաշինյանի ռեժիմի ջանքերով է, որը փլուզեց բանակը որպես հայոց պետականության գլխավոր բաղադրիչ: Ալիևի նավթադոլարները, որոնք փոխարկվեցին Սորոսի հիմնադրամի նետած կրճոնների՝ քաղաքացիական հասարակության զարգացման համար, արեցին իրենց սև գործը։ Քաղաքացիական հասարակության ցուցանակի տակ մեր երկրում ձևավորվեց թուրք-սորոսական հինգերորդ շարասյուն, որի նպատակն էր հայկական պետականության կործանումը՝ իշխանության զավթման միջոցով։ Փլուզումն ընթանում է մեր աչքի առաջ, պետք է կույր լինել՝ չնկատելու համար, թե ինչպես են ակտիվորեն աշխատում Բաքվի և Անկարայի ազդեցության գործակալները։

Բանավոր պայմանավորվածություն

Ազգային-ազատագրական շարժումը զերծ է արտաքին ազդեցությունից, իսկ պիտակներ փակցնում են նրանք, ովքեր 4 տարի առաջ փրփուրը բերանին հավաստիացնում էին, թե Նիկոլի գլխավորած գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերը զուտ հայկական երևույթ է։

Այդ «զուտ հայկական երևույթը» շռայլորեն համեմված էր Սորոսի հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարներով, որոնք տրվել էին Հայաստանը ներսից քանդելու համար։ Հենց այդ պատճառով էլ Նիկոլը 4 տարվա ընթացքում ոչ մի անգամ չպատասխանեց Ալիևի վիրավորանքներին, այդ թվում՝ «հարբած ծաղրածու» արտահայտությանը։ Չի թույլատրվում գործակալներին հակաճառել իրենց քաղաքական տերերին, իսկ Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, որ իր և Փաշինյանի միջև բանավոր պայմանավորվածություն կա՝ չհիշատակելու Արցախի կարգավիճակը, անմիջականորեն ցույց է տալիս, որ Փաշինյանն աշխատում է հօգուտ Ալիևի՝ որպես ազդեցության գործակալ։ Այդ խոսքերից հետո Փաշինյանին պետք էր ձերբակալել դավաճանության կասկածանքով, Ալիևը մերկացրեց նրան որպես Բաքվի գործակալի։

Փաշինյանը իշխանության ղեկին է ավելի քան 4 տարի, այս ողջ ընթացքում նա անհաշտ պատերազմ է մղում երկրորդ և երրորդ նախագահների դեմ։ Նրա նպատակն է՝ համոզել հայ հասարակությանը, թե նախկին ղեկավարների օրոք ոչինչ չի եղել, բացի կոռուպցիայից և մարդու իրավունքների խախտումներից։ Իրականում երկրորդ և երրորդ նախագահների օրոք կային և՛ կոռուպցիա, և՛ մարդու իրավունքների խախտումներ, բայց կար նաև պետություն, որի հետ հաշվի էին նստում աշխարհում և տարածաշրջանում։ Քոչարյանի և Սարգսյանի օրոք մեծ նվաճումներ են գրանցվել հայկական երկու պետությունների կառուցման ասպարեզում։ Ավելի քան 4 տարի Փաշինյանը քանդում է Հայաստանի և Արցախի պետականությունը, նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

Վերջերս վերլուծաբաններից մեկը նկատեց, որ ինչքան ավելի բարձր են փողոցային պայքարի մասնակիցները վանկարկում «Նիկոլ դավաճա՛ն», այնքան ավելի հաճախ է ԱԱԾ-ն հասարակությանը ներկայացնում է նրանց, ովքեր ռազմական գաղտնիքներ են վաճառել ադրբեջանցիներին։ Պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը փորձում էր բարդել պարտության մեղքը բանակի ղեկավարության վրա, հիմա սկսել են ի ցույց դնել ադրբեջանական հատուկ ծառայությունների «բացահայտված գործակալներին»։ Նրանց ցուցադրում են հեռուստատեսությամբ, դեմքերը, իհարկե, մշուշած են, բայց ոմանք զինվորական համազգեստով են։ Մի՞թե այդ գործակալներին ձերբակալել են զինվորական համազգեստով ծառայություն իրականացնելիս։ Իսկ գուցե գործ ունենք հերթական դիմակահանդեսի հե՞տ։ Կապիտուլյանտը փորձում է ներկայացնել հայ ժողովրդին իբրև դավաճանների խաժամուժ։

Թե ինչ է թաքնված այս «բացահայտման շոուի» հետևում, ամենևին էլ Նյուտոնի բինոմը չէ. կարծում եմ ՝ պրոֆեսիոնալները շուտով կտան իրենց գնահատականը։ Առայժմ սահմանափակվեմ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատականով։ Նրա խոսքերով, ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալների հաճախակի բացահայտումներն առաջին հերթին վկայում են Հայաստանի ԱԱԾ-ի աշխատանքում առկա բացթողումների մասին: Այդ բացթողումներն օրինաչափություն են, չէ՞ որ պետական կարևորագույն կառույցի փլուզման համար Փաշինյանն ընտրել է ամենանպատակահարմար ձևը. 4 տարվա մեջ՝ 5 ղեկավար։ Չի բացառվում, որ Արցախի կարգավիճակի հարցը լռության մատնելու վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունների բացահայտմանը հաջորդեն նաև այլք։ Ալիևը, դատելով ամենից, լուրջ կոմպրոմատ ունի Փաշինյանի դեմ. բացառված չէ, որ այդ կոմպրոմատը հայթայթվել է թուրքական հատուկ ծառայությունների ձեռքով