Ռայիսի․ Թեհրանը և Մոսկվան դեմ են կասպյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը
Թեհրանը և Մոսկվան դեմ են կասպյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը։ Այս մասին Թեհրանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, գրում է Mehr-ը։
Չորեքշաբթի երեկոյան Իրանի նախագահը հանդիպում է ունեցել Լավրովի հետ, որի ժամանակ ընթացող խորհրդակցություններն ու բանակցություններն անվանել է նոր դարաշրջան բացելու երկու երկրների լուրջ ցանկության նշան։
Լավրովը հակիճ ներկայացրել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակը։ Իր հերթին, Իրանի նախագահը ընդգծել է պատերազմի շուտափույթ դադարեցման կարևորությունը և Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ օգնելու դիվանագիտական լուծում գտնելու հարցում։
«Կասկած չկա, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրանքներն ընկած են այս հակամարտությունների հիմքում»,-ասել է Ռայիսին։
Բացի այդ, Իրանի նախագահն ընդգծել է նաև «աշխարհի այլ տարածաշրջաններում՝ Արևմտյան Ասիայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականությանը հակադրվելու անհրաժեշտությունը»։
Նրա խոսքով՝ Թեհրանը և Մոսկվան դեմ են կասպյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը։
News.am