«Դիմադրություն» շարժման պատգամավորներն հանդիպել են ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շարժման անդամ-պատգամավորներն հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակը՝ դիմադրությունն է Հայաստանի արտաքին թշնամիներին, երկրին սպառնացող սպառնալիքներին. «Բայց երբ պետությունն այդ դիմադրությունը չի կազմակերպում ու չի սպասարկում պետության ու ժողովրդի շահերը, հետևաբար այդ դիմադրությունը լինում է նաև ներքին օրակարգում։ Մենք Հայաստանում դրել ենք իշխանափոխության օրակարգ և ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար, որովհետև գտնում ենք, որ, դժբախտաբար, այս ամենի պատճառը Հայաստանի իշխանություններն են և իրենց վարած քաղաքականությունը։ Այդ դիմադրությունը պետք է լինի Արցախում, սփյուռքում, պետք է ողջ հայ ժողովուրդը այս գաղափարի շուրջ համախմբվի»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Արցախում ապրող մարդկանց համար կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Պաշտպանության բանակը՝ իր փոփոխություններով, իր վերակառուցողներով, իր ժամանակակից տեխնիկայի ապահովման միջոցով. «Բայց քանի Հայաստանում այս իշխանությունն է, որևէ բան այս ուղղությամբ չի լինելու»։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ երբ «Դիմադրություն» շարժումը սկսել է իր պայքարը, դա իրենց համար մեծ ոգևորվածություն է եղել. «Ամեն անգամ Փաշինյանը երբ ելույթ է ունենում, մենք արդեն սովորել ենք, ապա մի վատ բան է լինելու»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության հետ ունեցել է խայտառակ հարաբերություն. «Ինչպես ունեցել է 1988 թվականին։ Անցնող ամիսներին Արտաքին գործերի նախարարություններն իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Այս շրջանում փորձ է արվում Արցախը ներկայացնել ոչ միասնական տեսքով, ոչ միասնական դիրքորոշմամբ, ոչ միասնական կեցվածքով»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում շարժումը նոր թափ է հավաքել, երբ հարցը վերաբերել է Արցախին. «Սրանք այնքան են լկիտացել, այնքան են կարողացել ստել, որ այսօր էլ հանգիստ կանգնում ասում են՝ պահանջում են նշաձողն իջեցնել, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մեզ համար ավելի կարևոր է Հայաստանը, քան Արցախը. իրենց համար ոչ մի բան կարևոր չի»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վադևանյանն էլ նշել է, որ «Դիմադրություն» շարժման անդամներն իրենց գործողություններում վճռական են. «Այս ընթացքում իրականացրել ենք տարբեր հավաքներ, ակցիաներ։ Այն, ինչը հնարավոր է, առավելագույնը կատարել ենք։ Հայաստանի Հանրապետության բնակչության ստվար զանգված աջակցություն է հայտնել այն ելակետերին, որոնց մենք առաջ ենք քաշել։ Եվ ելակետերից անկյունաքարայինն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

News.am