Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյանի ձայնագրության տեքստն ուղարկելու է միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքում հայտնել է, որ պատրաստվում է միջազգային կառույցներին ուղարկել ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության սղագրությունը։
«Եվ գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը»,– գրում է պատգամավորը։
Նա նաև հայտնում է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի քննությանը, քանի որ արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև տեսանելի լինի հասարակության համար:
«Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և առհասարակ բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով»,– նշում է Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Վարդազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2021-ի փետրվարի 20-ին վարչապետի անունից իրեն փոխանցել են, որ պետք է հրաժարական տա։ Նա նշել է, որ մինչև մարտի 1-ը ժամանակ է պետք։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում, Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
Sputnik Արմենիա