ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎՈՒՄ ԲՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունիսի 17-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումները, ինչպես նաև այդ կապակցությամբ հնչող հայտարարությունները ոգևորություն են ներշնչում իրեն, ուստի այդ բոլոր նախաձեռնություններում անհրաժեշտ է հասնել վստահության և հաշտեցման: «Այդ առումով ուրախ եմ, որ մայիսի 16-18-ին Վենետիկում Եվրոպայի խորհրդի հովանու ներքո տեղի ունեցավ վստահության կառուցման առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Մասնակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր համատեղ ծրագրերի ուղղությամբ: Ես շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին այս նախաձեռնությանն աջակցելու համար»,- ասաց նա (Panorama.am):
Մենք, իհարկե, շատ ուրախ ենք տիկին Պեյչինովիչ-Բուրիչին համակած ոգեվորության համար, սակայն ոչ պակաս չափով նաև տարակուսած ենք. ներեցեք, իսկ այդ ի՞նչ վենետիկյան հանդիպման մասին է խոսքը: Մամուլում նման հաղորդագրություն գտնելու բոլոր փորձերն ապարդյուն էին։ Նույնիսկ ամենագետ Google-ն անզոր գտնվեց պատասխանել այդ հարցին, մեջբերելով միայն ԵԽ գլխավոր քարտուղարի նշյալ հայտարարությունը։ Դե,նաև հաղորդագրությունը Ստրասբուրգում հայ, ադրբեջանցի ու եվրոպացի երիտասարդների հանդիպման մասին:
Մի քանի շաբաթ առաջ «ԳԱ»- ն գրել է հունիսի սկզբին Ստրասբուրգում տեղի ունեցած միջոցառման մասին, նշելով, որ Հայաստանի իշխանությունները լռում են և՛ նպատակների, և՛ մասնակիցների ընտրության չափորոշիչների, և՛ խմբի կազմի մասին, ասես դա պետական գաղտնիք է: Հանդիպման մասին շատ հակիրճ տեղեկացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, և այդ առնչությամբ ինչ-որ կցկտուր տեղեկություններ կարելի է գտնել համացանցում, իսկ այ վենետիկյան հանդիպման մասին՝ քար լռություն։ Այսինքն եթե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը բերանից չթռցներ այդ արտահայտությունը, ապա հայ հասարակությունն ընդհանրապես չէր իմանա, որ իր անունից ինչ-որ մարդիկ հանդիպել են ադրբեջանցիների հետ, ինչ-որ բան խոսել ու նույնիսկ պայմանավորվել «շարունակել երկխոսությունը և աշխատել վստահության կառուցման հնարավոր համատեղ ծրագրերի ուղղությամբ»։
Դատելով Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերից, այս դեպքում էլ ամեն ինչ տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների գիտությամբ և լիակատար աջակցությամբ։ Ակամայից հարց է ծագում. ինչո՞ւ թաքցնել այն, ինչում ոչ մի վատ բան չկա պետության համար, ոչ մի քրեական կամ երկրի շահերին հակասող հանգամանք։ Թվում է՝ հակառակը, Փաշինյանի կառավարությունը պիտի որ ողջ թափով շեփորեր նման շփումների մասին՝ որպես «խաղաղության դարաշրջանն ամեն գնով մոտեցնելու» իր քաղաքականությանը ցուցաբերվող հանրային աջակցության ապացույց. ասել է թե՝ ահավասիկ մենք միայնակ չենք մեր ձգտումներում, հասարակությունը մեզ աջակցում և օգնում է ինչով կարող է։
Բայց ախր լռո՛ւմ են։ Ինչն էլ դրդում է այն մտքին, որ Հայաստանի համար ոչ մի լավ բան հիասքանչ Վենետիկում, ի դեպ՝ հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության կենտրոններից մեկում, տեղի չի ունեցել։ Եվ նույնիսկ հակառակը։
Չնայած իշխանությունների բոլոր ջանքերին՝ թաքցնելու իբրև թե հայ հասարակությանը ներկայացնող մասնակիցների կազմն ու նպատակները, մեզ այնուամենայնիվ հաջողվեց պարզել նրանցից մեկի անունը։ Դա ոչ այլ ոք է, քան արևմտյան դրամաշնորհներով վաղուց սնվող հայտնի ռուսատյաց ու թուրքամոլ, ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից հովանավորվող «խաղաղարար ծրագրերի» նույնքան վաղեմի մասնակից Ստեփան Գրիգորյանը, որը 2016-ին պերսոնա նոն գրատա Է ճանաչվել Ռուսաստանում և վտարվել Մոսկվայից։ Իսկ բացի այդ, նա թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների սիրելին է, որոնց մեծ սիրով հարցազրույցներ է բաժանում՝ ասելով հենց այն, ինչ ցանկանում են լսել Բաքվում ու Անկարայում։ Մեջբերումներ ներկայացնենք 2021թ. դեկտեմբերի 3-ին թուրքական «Անադոլու» գործակալության հրապարակած նյութից։
«Հայաստանը պարտվել է պատերազմում եվ այս փուլում թույլ է։ Կառավարությունը ստիպված է երկխոսության գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց դրանք պետք է լինեն բանակցություններ առանց միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի»,-համարում է Գրիգորյանը։ Փորձագետը չի բացառում, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի այլընտրանքը դառնալ տարածաշրջանում։
«Թուրքիան հավասարակշռված և կանխատեսելի քաղաքականություն վարող երկիր է։ Հարցն այն չէ՝ դուր է գալիս Անկարայի արտաքին քաղաքականությունը, թե ոչ։ Անկարան հետապնդում է իր շահերը և հիմք ընդունում դրանք լուրջ քաղաքականություն վարելիս»,- նշել է նա։ Գրիգորյանը խելամիտ է անվանել Զանգեզուրի տարածաշրջանում միջանցք բացելու Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկը։ «Թուրքիան ձգտում է ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներ կարգավորել Նախիջևանով դեպի Հայաստան, Ադրբեջան և այնուհետ՝ Կենտրոնական Ասիա։ ...Մենք չենք կարող պնդել, թե այդ երթուղին հակասում է բուն Հայաստանի շահերին»,- ասել է վայ-փորձագետը։
Վերջում Գրիգորյանը կրկին ընդգծում է. «Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ Հայաստանի համար։ Թուրքիան շատ ավելի հուսալի է»։
Բնավ մտադիր չլինելով այստեղ քննարկել Ռուսաստանի հուսալիության աստիճանը որպես դաշնակցի, հստակեցնենք. «փորձագետը» Հայաստանի համար «շատ ավելի հուսալի դաշնակից» է համարում մի պետություն, որն ակտիվորեն մասնակցել է Արցախի և Հայաստանի դեմ դաժան ագրեսիային ու ցեղասպան պատերազմին, եթե չասենք, որ հենց նա էր կանգնած այդ լայնածավալ ոճրագործության հետևում։ Սա՝ եթե չհիշատակենք Ցեղասպանությունը և ընդհանրապես Թուրքիայի քաղաքականությունը, որի ռազմավարական նպատակը արդեն երկու հարյուրամյակ շարունակ հայկական գործոնի ոչնչացումն է տարածաշրջանում և հայկական տարածքների վերջնական զավթումը։
Թե Էլ ինչ է պատրաստ ասել և անել այդ սուբյեկտը՝ փողի հանդեպ իր ամենակուլ սիրո և Ռուսաստանի հանդեպ նույնքան անսահման ատելության մղումով (ի դեպ, կրկին իսկ զուտ շահախնդրությամբ պայմանավորված), թող ընթերցողը դատի։
Ու թեև Վենետիկում կայացած հանդիպման մյուս մասնակիցների անունները, որոնց Ֆեյսբուքի օգտատերերից մեկը դիպուկ անվանել է «վենետիկյան պոռնիկներ», ջանադրաբար թաքցվում են, բնավ դժվար չէ կռահել, որ դրանք նույնպիսի մոլեռանդ ռուսատյացներ ու թուրքապաշտներ են, ինչպիսին Գրիգորյանն է։ Օրինակ, միանգամայն հնարավոր է, որ հանդիպմանը մասնակցել են գոյություն չունեցող Հանրային խորհրդի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, գաճաճ «Եվրոպական կուսակցության» առաջնորդ Տիգրան Խզմալյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՔԱ Վանաձորի կոմիտեի ղեկավար Արթուր Սաքունցը, հուզավառ տիկնայք՝ կանանց տարբեր տեսակի ՀԿ-ներից, և փաշինյանամերձ խորշելի խաժամուժի այլ ներկայացուցիչներ։
Բայց ոչ միայն. Արևմուտքը հոգ է տանում ձանձրացրած դեմքերի փոփոխության մասին և նրանց փոխարինողներ է պատրաստում՝ ի դեմս երիտասարդ, բայց համապատասխան նախապատրաստում անցած կադրերի։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդօրինակ ՀԿ-ների անդամները նույնպես մասնակցել են Ստրասբուրգում ու Վենետիկում կայացած հանդիպումներին՝ իբրև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ինչը միանգամայն բնական է. հո նրա համար չեն տասնամյակներ շարունակ տասնյակ ու հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսվել, որ «իրենց» հանդիպումներին հրավիրեն «օտարների» և ապահովեն ժողովրդավարական հանրության կողմից այդքան բարձրագոչ ազդարարվող բազմակարծության սկզբունքը։
Մի խոսքով, սա հենց այն դեպքն է, երբ երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է։ Վճարում է հավաքական Արևմուտքը, ուրեմն ինքն էլ որոշում է՝ ում հրավիրել և ինչ նպատակադրույթներով։ Հարցն այստեղ, կրկնեմ, այլ է. ինչո՞ւ է այս ամենը ջանադրաբար գաղտնի պահվում հայկական իշխանությունների կողմից, որոնք թաքցնում են ոչ միայն ադրբեջանցիների հետ հասարակական մակարդակով շփումների բուն փաստը, այլև հանդիպումների մասնակիցների անունները։
Եզրահանգումը կարող է լինել մեկը. հայ հասարակայնության թիկունքում գաղտնի գործընթացներ են տեղի ունենում ոչ միայն քաղաքական, այլև հասարակական մակարդակով։ Եվ կա Հայաստանում որոշակի համակազմ, որը մեծ հաճույքով ու պատրաստակամությամբ համաձայնում է այդպիսի «գաղտնի» հանդիպումներ ունենալ ադրբեջանցիների և, անկասկած, թուրքերի հետ, ինչը, իհարկե, նորություն չէ։ Ինչպես որ նորություն չէ նման նախագծերի նպատակային ուղղվածությունը. խաղաղասիրության և թուրքերի հետ մերձեցման գաղափարի տիրաժավորում՝ որպես ռուսաստանցիների այլընտրանք, միակողմանի փոխզիջումներ հայկական կողմից, ընդ որում՝ գոյաբանական բնույթի, որոնցից կարևորագույնը Արցախն է։ Եվ այս ամենն արվում է ՀՀ իշխանությունների՝ հակահայկական գործընթացների լոկոմոտիվի լիակատար աջակցությամբ։
... Օրերս ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է հայկական հասարակական կազմակերպություններին շուրջ 400 000 դոլար հատկացնելու մտադրության մասին՝ «Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության ծրագրի» իրականացման համար։ Եթե հաշվի առնենք, որ ստրասբուրգյան և վենետիկյան հանդիպումները նույնպես այդօրինակ ծրագրերի լոկ սկիզբն էին, հեշտ է պատկերացնել, թե ինչպես են գրիգորյանները, սաֆարյաններն ու սաքունցիները ափերը շփում՝ Հուդայի ավանդույթները շարունակելու համար իրենց գրպանը լցվելիք դոլարների հոսքի կանխավայելումով։ Մրցակցությունն այդ կերպարների միջև, կարելի է չկասկածել, կատաղի է լինելու... Գուցե հենց սա՞ է հայ հասարակության գլխավոր ողբերգությունը։