Քանի օր կպահանջվի ռուս-վրացական սահմանը բացելու համար

Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի վնասված հատվածի վերականգնման համար կարող է պահանջվել 7-10 օր։ Այս մասին գրում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտին։

Նախօրեին հորդառատ տեղումների պատճառով Թերեք գետը դուրս էր եկել ափերից և ողողել դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը։ Միջպետական Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) հատվածը վնասվել է:

Գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ վնասվել է մինչև 80 մետր ճանապարհահատվածը։ Ավտոճանապարհների վարչությունն արդեն սկսել է վերականգնողական աշխատանքները։

«Ավտոճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում են և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար», - հայտնում են նախարարությունից։

Ներկայումս նշված վայրում բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժն արգելված է։ Բացի այդ, Կազբեգի անցակետը ևս դադարեցրել է աշխատանքը։ Անվտանգության նկատառումներից ելնելով Կազբեգի անցակետի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տեղափոխվել են այլ վայր։

Verelq.am