Փաստաբան. Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով հարուցված գործով ապացույցներ են ոչնչացվել

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը, որն ուղեկցել է ՀՀ վարչապետին, գերազանցել է թույլատրելի արագությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Մեքենայի արագությունը մոտ 109 կմ ժամ է եղել, այնինչ, ըստ կառավարության որոշման, տվյալ ավտոշարասյան թույլատրելի առավելագույն արագությունը այդ տարածքում 100 կմ ժամ է։ Սրա վերաբերյալ փորձագիտական եզրակացություն կա»,- ասաց Ասլանյանը։

Բացի այդ, ըստ նրա, գործում եղած ապացույցներ են ոչնչացվել, իսկ թե ինչի մասին է խոսքը և ինչ հանգամանքներում են ոչնչացվել, դեռ հրապարակել չեն կարող, քանի որ դա նախաքննական գաղտնիք է համարվում։ Փաստաբանի խոսքով` ապացույցների ոչնչացումը տուժողի իրավահաջորդի` Սոնայի հայրիկի մոտ տպավորություն է ձևավորել, որ քրգործին միջամտություն կա, և ակնհայտ կողմնակալ քննություն է ընթանում։

Ինչ վերաբերում է ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի խափանման միջոցին (վերջինս ազատության մեջ է), ապա Ասլանյանը հայտնեց, որ այս պահին այլևս նրան կալանավորելու օրենսդրական հնարավորություն չի լինելու։ Սակայն եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, կանդրադառնա նաև խափանման միջոցին։

Փաստաբանը հավելեց, որ այս քրեական գործով քննությունը տուժող կողմին չի բավարարում. ակնհայտ է, որ այսպիսի գործի քննության համար նշանակություն ունեն անձանց շրջանակը և սուբյեկտիվ գործոնները։

Հայտնել էինք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի ներկայացրած բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։