Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԻ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ Ե՛Վ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, Ե՛Վ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.
«Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։
Առաջին, Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը» փլուզվել է և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։
Երկրորդ, Փաշինյանն ասում է, որ գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։
Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և՛ կորուստներ, և՛ նոր պատերազմ»,- գրել է պատգամավորը։