Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կյանքը բնականոն շարունակվում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո։

Փաշինյանը երեկ մասնավորապես հայտարարել էր. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություն չունեմ»։

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը Փաշինյանի այս հայտարարությունները գնահատում է ոչ թե որպես հայտարարություն, այլ ցանկություն։

«Ինքը չի կարող հայտարարել առանց բնակիչների հետ քննարկելու։ Ինքն ո՞ւմ հետ է նստել, քննարկել, որոշել, որ Աղավնոն, Սուսը, Բերձորը պետք է հանձնեն։ Անկախ նրանից՝ վարչապետ է կամ ով ուզում է լինել, ինքը որոշի՝ ում տունն ո՞ւմ տա, ո՞ւմ չտա։

Շեյխը կամ ամիրը պետք է որոշի՝ ժողովուրդն ինչ անի։ Դա արաբական երկրներում ենք տեսել, այստեղ Հանրապետություն է։ Ինչի՞ց ելնելով պետք է որոշի, որ սա մեզ պետք չէ»,- ասաց Չաուշյանը։

Նա ընդգծեց, որ չի պատրաստվում Ալիևի, Փաշինյանի ցանկությունները կատարի։

«Մենք ունենք զոհեր։ Մեր տղաները մեզ հանձնարարել են՝ մեզ չդավաճանեք, մեզ չարհամարհեք, այս պայքարը շարունակելու եք։ Մենք էլ շարունակում ենք։ Հիմա որևէ քայլ չենք անում, բայց եթե հանկարծ մի ուժ փորձի մեզ հետ քայլ անել, ծալած ձեռքներով չենք մնալու։ Օրը գա, բարին հետը։

Երեկվանից զանգում է համայն հայությունը՝ հուսահատ, լացկան վիճակում։ Եկեք վերականգնենք, մենք այստեղ ենք։

Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք։ Ո՞վ է ասել, որ լքենք։ Լքելու տեղ չունենք, չենք լքի, չենք ցանկանում։ Մենք ուզում ենք այստեղ մնալ, այստեղ ապրել, եթե պետք է մեր արյունը այս հողի վրա թափվի, այստեղ ենք։ Այստեղ ենք ու դա պատահական չէ»,- ասաց Անդրանիկ Չաուշյանը։

Նրա խոսքով, Փաշինյանի հայտարարության մեջ մտահոգիչ մի միտք կար կապված Սուսի պահով։

«Ինքը լավ էլ տեղեկացված է, որ այնտեղ մարդ չի բնակվում։ Իրենք թիրախավորում են բնակելի տարածքներ։ Չգիտեմ՝ ինչ քարտեզով են առաջնորդվում, ես ունեմ սիրուն քարտեզ՝ ծովից ծով Հայաստանով, դա է մեր քարտեզը, դա ենք ուզում տեսնել»,- ասաց Աղավնոյի գյուղապետը։

Գյուղն այսօր ունի 200 բնակիչ։ Աղավնոյում կա դպրոց, մանկապարտեզ։

«Երեխաները հիմա քննություն են հանձնում։ Պատրաստվում ենք նշելու Վարդավառի տոնը, չենք նայում այդ հայտարարություններին, ցանկություններին։

Մենք մի ընտանիք ենք, խնդիրները, մտահոգությունները միշտ միասին ենք քննարկում։

Արծրուն Հովհաննիսյանը չեմ, որ ասեմ՝ հաղթելու ենք, ու խաբենք մարդկանց, իրականությունն ենք ներկայացնում»,- ասաց գյուղապետը։

Նրա խոսքով, կուրախանային, եթե մի հայ ղեկավար լիներ ու ասեր՝ ինչ է պետք ձեզ, ինչով կարող ենք օգնել, ինչ է պետք ձեր դիրքերն ամրացնելու համար, պետք չէ հուսահատվել, ձեր կողքին ենք։

«Դա ենք սպասում։ Արցախում, Հայաստանում կան մտավորականներ, մտահոգ մարդիկ, բայց ոչ մի զանգ չենք ստացել»,- ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։

Panorama.am