«Ժողովուրդ». ԻՆՉՈՒ ԵՆ ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ և ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցության երեկվա դռնփակ նիստում քննարկված հարցը կարճ ժամանակում դարձավ համացանցում ամենաշատ տարածված նորությունը. ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին:
Բայց մինչ այդ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, ՔՊ-ի որոշումներ կայացնող հատվածը հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետն ասել է, որ իր համար 50/50 է՝ և՛ կողմնակից է ընդդիմադիրներին պաշտոններից ու մանդատներից զրկելու տարբերակին, և՛ դեմ է: Եվ, ահա, իշխանականները, ոգևորված Նիկոլ Փաշինյանի ուղերձից, երեկ շտապել են իմիտացիա ապահովել, թե հարցը իրենք են որոշել խմբակցությունում:
Իսկ իրականում իշխանությունները ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց են վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյանին հրապարակավ «արա»-ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար և հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու պատգամավորների մասով Նիկոլ Փաշինյանը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից` բացակայությունների հիմքով, թեև, մեր տեղեկություններով, ցուցակն այսքանով չի ավարտվում, և առաջիկայում այլ անուններ ևս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել իշխանությունները. ցուցակը բաղկացած է 10 հոգուց:
Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետև՝ Անդրանիկ Թևանյանը՝ 199, Ասպրամ Կրպեյանը՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես (պատգամավորները 194 բացակա ունեն), հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ տասներորդը Արթուր Խաչատրյանն է, որն ունի 132 բացակա»։