ՋԷԿ-երի համար գազն էժանացել է

Հայաստանյան ՋԷԿ-երին մատակարարվող գազի գինը օգոստոսի 1-ից կէժանանա։ Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստում։

Գազի սակագնի փոփոխությոսւնը պայմանավորված է դոլարի փոխարժեքի` վերջին 2-3 ամիսներին գրանցվող անկման հետ։ Բանն այն է, որ Հայաստանում խոշոր արտադրողներին, այդ թվում ՋԷԿ–երին մատակարարվող գազի սակագինը հաշվարկվում է դոլարին համարժեք դրամով և1000 խմ–ի դիմաց կազմում է 221,5 դոլար։

Այս վերահաշվարկի արդյունքում ՀԾԿՀ–ն վերահաշվարկել է նաև ՋԷԿ–երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ընդ որում` հայաստանյան 3 ՋԷԿ–երի համար տարբերակված սակագներ են սահմանվել` կախված դրանց արտադրական ցիկլում իրականացվող այլ ծասերից։

Այսպես` Հրազդանի ՋԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը 1 ԿՎտ/ժ-ի համար նվազեցվել է 1,071 դրամով (33,460 դրամից 32,389 դրամ): «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան-5» էլեկտրակայանի սակագինը նվազեցվել է 1 ԿՎտ/ժ-ի համար 1.891 դրամով (25.201-ից 23.310 դրամ): «Երևանի ՋԷԿ»–ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվել է 2.697 դրամով (1 ԿՎտ/ժ-ի արժեքը սահմանվել է 18.097–ի դիմաց 20.794 դրամ):

Սահմանված նոր սակագները կգործեն մինչև 2023թ–ի փետրվարի 1-ը։

Նշենք, որ այս սակագները վերաբերում են միայն նշված ՋԷԿ–երից ՀԷՑ–ին առաքվող էլեկտրաէներգիային։ Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գնի վրա ՀԾԿՀ–ի այս որոշումն առայժմ որևէ ազդեցություն չի ունենա։

Sputnik Արմենիա