ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ + ԼՏՊ, կամ՝ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԼԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԳԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Օլիգարխները պատրաստվում են իշխանության զավթմա՞ն
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատում էին պետական կառույցներում ՀՀՇ-ի նախկին գործիչների գերառատության համար։ Քննադատության գլխավոր թիրախը ԱԳՆ-ն էր և, ինչպես պարզվեց, ոչ անհիմն։ Հենց ԱԳՆ-ը հանդես եկավ երկրորդ նախագահի դեմ հայտարարությամբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, թեև ակնհայտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ընտրություններում պարտվել էր, իսկ նրա շրջապատի կողմից տարածվող քարոզչական պնդումները հաղթանակի մասին (իբր՝ ձայների 65%-ով) լկտի սուտ էին։
ԱՅՍՕՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԱԼԸ։ Որքան էլ պարադոքսալ է, բայց Լևոն Հակոբիչի կողմից Նիկոլին տրված սկանդալային բնորոշումից հետո («տգետը ազգի գերեզմանափորն է») ՀԱԿ-ը չմասնակցեց խորհրդարանական ընդդիմության ակցիաներին և նույնիսկ փորձեց կարողացածի չափով վարկաբեկել նրանց։ Հիշեցնեմ, որ Տեր-Պետրոսյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել էր համատեղ առաջադրվել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, բայց երկրորդ նախագահը կտրականապես հրաժարվեց։
Ընտրություններից հետո ՀԱԿ կուսակցությունը մշտապես ձևացնում էր, թե լիովին տարանջատվել է Փաշինյանից, իբր՝ Տեր-Պետրոսյանն այլևս Նիկոլի քաղաքական կնքահայրը չէ և այլն՝ նույն ոգով։ Չնայած այդ հավաստիացումներին, Փաշինյանը շարունակեց պետության առանցքային պաշտոններում նշանակել Լևոնի մարդկանց, ընդ որում ՀՀՇ նախկին բարձրաստիճան կադրերը համառորեն ձևացնում էին, թե չնչին իսկ կապ չունեն ՀՀՇ-ական ռեժիմի պարագլխի հետ։
Առաջադրվելով 5-րդ նախագահի պաշտոնում՝ Վահագն Խաչատրյանը փորձում էր թաքցնել, որ Տեր-Պետրոսյանի խորհրդականն է եղել։ Գիտության և կրթության նախարար Վահրամ Դումանյանն էլ առանձնապես ի ցույց չի դնում իր պատկանելությունը Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատին, չենք խոսում արդեն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, դեսպաններ Ալեքսանդր Արզումանյանի և Վլադիմիր Կարապետյանի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասին։ Պետական կառավարման համակարգում ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի կադրերի ցանկը շատ ավելի ընդարձակ է, իսկ կադրերը, ինչպես հայտնի է, վճռում են ամեն ինչ։
Այսօր Փաշինյանի շրջապատը կազմում են «սիրելի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանը և նրա խնամի Գագիկ Ջհանգիրյանը։ Սուքիասյանի մյուս խնամին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին փորձեց փողոց դուրս բերել ժողովրդին, ինչի համար վտարվեց ակտիվ քաղաքականությունից և ժամանակավորապես հեռացվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Օլիգարխը երկար ժամանակ ներում էր հայցում՝ հրապարակավ հրաժարվելով նախկին ծրագրերից։ Նույն կլանին է պատկանում նաև նախկին վարչապետ և նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանը։ Նրա որդին՝ Արգամը, ամուսնացած է Ծառուկյանի գեղեցկուհի դուստրերից մեկի հետ։ Այլ կերպ ասած՝ Սուքիասյանի շուրջ ձևավորվել է մերօրյա Հայաստանի ամենահզոր կլանը, որը (առայժմ սքողված) հավակնում է դառնալ ապագա Հայաստանի այցեքարտը։
Նորագույն պատմությունից հայտնի է, թե ով է փոխարինելու գալիս «գունավոր հեղափոխականների» առաջին ալիքին։ Երկրի ամենահարուստ մաֆիան հսկում է ավարը՝ վարչապետի աթոռը, որը, ըստ բազմաթիվ հաշվարկների, տեսանելի հեռանկարում կարող է թափուր մնալ: Մեր ժողովուրդն այլևս չի հավատում ժողովրդավարության և օրենքի առջև համընդհանուր հավասարության մասին խոստումներին, ուստի ամենահզոր կլանը (Սուքիասյաններ-Ծառուկյաններ- Ջհանգիրյաններ-Աբրահամյաններ) միանգամայն կարող է իշխանության գալ քաղաքական խառնաշփոթի ալիքի վրա, որն անպայման կառաջանա ռեժիմի պարագլխին իշխանազրկելու փուլում։ Փաշինյանի և նրա շրջապատի ջանքերով՝ այսօր դրա համար կան բոլոր նախադրյալները. կապիտուլյանտն ինքն է իր համար փոս փորում ինչպես արտաքին քաղաքական դաշտում, այնպես էլ երկրի ներսում, իսկ հրաշալի քառյակը, որի հետևում, միանգամայն հնարավոր է, թաքնված է Լևոն Հակոբիչը, փորձում է բաց չթողնել պահը։
Նախկին առաջնորդների օրոք օլիգարխները քաղաքական որոշումներ չէին թելադրում
Երկրորդ և երրորդ նախագահներին կարելի է քննադատել շատ բաների համար, բայց նրանց հաջողվեց զերծ պահել իշխանությունը օլիգարխների ճնշող տիրապետությունից։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թույլ չեն տվել, որ օլիգարխներն ու այլևայլ փողի պարկերը քաղաքական որոշումներ թելադրեն իրենց։
ԱԶԴԵՑԻԿ ԿԼԱՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ: Հայաստանի վարչապետի պաշտոնում Քոչարյանը մի առիթով նույնիսկ կատակեց այն առնչությամբ, որ ազդեցիկ կլանները ինչ-որ շատ արագ հանձնվեցին։ Հանձնվեցին այն պատճառով, որ երկրում կար ուժեղ քաղաքական ղեկավարություն, այսօր Փաշինյանի ռեժիմը բացահայտ հոգեվարքի մեջ է, ուստի նրանք, ովքեր կորցնելու բան ունեն, համախմբված փորձում են բաց չթողնել այն պահը, երբ հնարավոր կլինի ճանկել իշխանությունն ընդդիմությունից ու ապահովել իրենց կապիտալների բազմապատկումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի հաշվին։
Նրանք, ովքեր կորցնելու բան ունեն, գիտակցում են, որ Փաշինյանի ռեժիմը դատապարտված է, իսկ Խաչատուր Սուքիասյանը սաստիկ չի ցանկանում մերժյալ դառնալ, եթե իշխանության վերադառնան նախկին ղեկավարները, որոնց օրոք Արցախը հայկական էր, իսկ Հայաստանում չէին վխտում ադրբեջանական զավթիչները։ Նիկոլի խաղն ավարտված է, շատ շուտով արտաքին տերերը որոշում կկայացնեն վարչապետի դերում կապիտուլյանտի հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության մասին։ Ընդդիմությունը պետք է նախապես զգուշացնի ժողովրդին ամենաազդեցիկ կլանի նախկին օլիգարխների կողմից իշխանության զավթման գալիք սպառնալիքի մասին։
Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանը գիտակցում է օլիգարխներից բխող վտանգը, ուստի լոկ ձևացնում է, թե վստահում է Սուքիասյանին, իսկ իրականում ամեն ջանք գործադրում է, որպեսզի Սուքիասյանը չկարողանա տարածել իր ազդեցությունը ՔՊ-ի կուսակցական վերնախավի վրա, այլ կերպ ասած՝ գնել Նիկոլի թիմակիցներին, իր պայմանները նրանց թելադրելու համար։ Սակայն վճռորոշ պահին կարող է պարզվել, որ գնացքն արդեն մեկնել է…
Սուքիասյանը խորամանկ մարդ է և մեծ հավակնություններ ունի, որոնք կարողանում են լավ թաքցնել։ Ինչո՞ւ չօգտվել իրավիճակից, եթե իշխանության ճգնաժամն աստիճանաբար մտնում է եզրափակիչ փուլ, մանավանդ որ անհրաժեշտության դեպքում Սուքիասյանին կսատարեն Տեր-Պետրոսյանը և իշխանական համակարգում առկա ՀՀՇ-ական կադրերը։ ՀՀՇ-ականները, ինչպես հայտնի է, նախկին չեն լինում։ Այն ժամանակ, երբ ռեժիմի քարոզչամեքենան (մի շարք դեպքերում՝ հիշյալ կլանի նախաձեռնությամբ) զարհուրիկներ է տարածում երկրորդ և երրորդ նախագահների ռևանշի մասին, Հայաստանի գլխավերևում իրական վտանգ է կախվել, որը ցանկացած ռևանշից ավելի վատթար է: