ԲԱՔՈՒՆ ՇՏԱՊՈՒՄ Է, ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ՀԱՊԱՂՈՒՄ

Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը, սկսած նոյեմբերի 9-ից, մենք քննարկել ենք Արցախի գործընկերների հետ, հայտարարել է լրագրողներին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հաղորդում Է News.am-ը։

«Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաև հրպարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»,- հայտարարել է Գրիգորյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ինչ վերաբերում է հիշյալ բնակավայրերից (և ոչ միայն) մարդկանց վերաբնակեցման խնդրի լուծմանը, դա առանձին հարց է: Այլ բան է ճանապարհը։ Այն ճանապարհը, որը 2023-ի նոյեմբերից հետո Արցախի միակ տրանսպորտային հաղորդակցությունն է լինելու Հայաստանի հետ։

Այսօրվա դրությամբ հայտնի է, որ ստախանովյան տեմպերով, առաջ անցնելով ժամանակացույցից և գերակատարելով պլանները, Ադրբեջանը կառուցել է այդ ճանապարհի իր մասը։ Այստեղ արձանագրենք, թե ինչ է նշանակում ժամանակացույցը կամ պլանը տվյալ դեպքում։ Ահա ուրեմն, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ավելի ճիշտ՝ այդ հայտարարության վեցերորդ կետի, «…կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ»: Եվ ահա այսօր Ադրբեջանը կրկնակի արագացրել է այդ գործընթացը՝ արդեն կառուցելով իր հատվածը, ինչը պետք է աներ մինչև 2023-ի նոյեմբեր։ Ընդ որում անպայման համաձայնեցնելով մյուս կողմերի՝ Երևանի և Մոսկվայի հետ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտնում է (վերջին ասուլիսի ժամանակ), որ հայկական կողմը դեռևս չունի այդ ճանապարհի իր հատվածի շինարարության նույնիսկ պատրաստի նախագիծ։ Եվ ահա այս խորապատկերին Արմեն Գրիգորյանը պնդում է, թե իբր՝ մենք դեռ ժամանակ ունենք, նկատի ունենալով հենց եռակողմ հայտարարությամբ նախորոշված վերջնաժամկետը։ Ասել է թե՝ շտապելու բան չունենք, դեռ կհասցնենք։ Ըստ էության, Բաքուն շտապում է, իսկ Երևանը՝ ակնհայտորեն հապաղում։ Բաքուն ձգտում է սրընթաց ձեռնարկել Արցախի մեկուսացմանն ուղղված հերթական քայլը, իսկ Երևանը դեռ տեղից չի շարժվում դրան խոչընդոտելու համար։

Կարելի էր առանձնապես չողբերգականացնել իրավիճակը, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը. հարյուր տոկոսով վստա՞հ են արդյոք Երևանն ու Արցախը, որ ռուս խաղաղապահների վերատեղակայումը տեղի չի ունենա ավելի շուտ, քան հայկական կողմը կկառուցի ճանապարհի իր մասը: Խոստովանենք, չկա նման վստահություն։ Ադրբեջանը, կառուցելով իր հատվածը, փաստորեն արդեն նոր տեղ է պատրաստել ռուս խաղաղապահների տեղակայման համար։ Միակ բանը, որ կարող է ռուսական կողմին պահել իր ներկայիս տեղում, դա եռակողմ հայտարարության անվերապահ կատարումն է։ Խոսել այն մասին, թե անցած մեկուկես տարիները ցույց են տվել ռուսական կողմի գործողությունների անթերիություն եռակողմ հայտարարության պահանջների հստակ կատարման գործում, ցավոք, չենք կարող։ Փառուխի օրինակը լավագույն ապացույցն է, որ ռուսական կողմն այնուամենայնիվ հակված է զիջումների՝ նշված հայտարարության պահանջներին իր գործողությունների բացարձակ համապատասխանության հարցում։

Երկրորդ և, թերևս, ամենագլխավոր հանգամանքը հայկական կողմի վարքագիծն է համանման իրավիճակներում։ Այստեղ չի կարելի չհիշել Գորիս-Կապան միջպետական, ռազմավարական նշանակության ճանապարհի պատմությունը, որի 20-կիլոմետրանոց հատվածը Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ պարզապես նվիրեց Իլհամ Ալիևին։ Հիշեցնեմ, մինչ ադրբեջանական կողմը ակտիվորեն բնակռում էր իրեն ընծայված այդ վայրում՝ այնտեղ տեղադրելով ոստիկանական պահակետեր, մաքսակետ, բենզալցակայան, սահմանափակելով և իսպառ փակելով հայկական և իրանական մեքենաների տեղաշարժը, Երևանն իբրև կառուցում էր այլընտրանքային, շրջանցիկ ճանապարհ։ Մի ամբողջ տարի իբր կառուցում էր։

Ըստ էության, ֆորսմաժորային հանգամանքների բերումով (փաստացի փակվել է Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրերի միակ ճանապարհը, ցամաքային միակ նորմալ տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի և Իրանի միջև)՝ այլընտրանքային երթուղու կառուցումը պետք է իրականացվեր բառացիորեն ավրալային ռեժիմով և ավարտվեր հաշված շաբաթների ընթացքում։ Մինչդեռ նույնիսկ մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ Այսպես է Հայաստանի կառավարությունը հոգ տանում երկրի ռազմավարական շահերի, Սյունիքի բնակիչների, հայ-իրանական ռազմավարական գործընկերության մասին։

Հարց. եթե Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն թքած ունի սյունեցիների և հայ-իրանական հաղորդակցության վրա, ինչո՞ւ պիտի հանկարծ իրեն այլ կերպ պահի Հայաստանի և Արցախի հաղորդակցության հարցում: Հարցն այս, բնականաբար, հռետորական է։ Այդուհանդերձ Արմեն Գրիգորյանը, ըստ էության, տալիս է դրա պատասխանը. այդ ճանապարհի վրա էլ Հայաստանի կառավարությունը թքած ունի, եթե ընդհանրապես չի շտապում կառուցել այն։ Հնարավոր է, թքած ունի ոչ միտումնավոր, թեև դրա հավանականությունը այնքան էլ մեծ չէ։ Բայց վերջին հաշվով դա այդքան էլ կարևոր չէ։ Կարևորը հնարավոր ցավալի արդյունքն է. տեսանելի ապագայում ահռելի խնդիրներ Արցախի և Հայաստանի միջև տրանսպորտային կապի հարցում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ծանուցեցին հենց այդ հեռանկարը։