Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ.ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ

44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա նաև նշել է.

«1. Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն;

2. Ինչու՞ չի տրվել ՀՀ ԶՈւ բացազատման (ծավալման) հրաման:

Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020թ-ի սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը ՉԻ ՏՎԵԼ, փոխարենը կոչ է արել ԶԳՈՆ լինել:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ:

Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում:

Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը:

Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կամ կատարյալ տգետ է, կամ պետական դավաճան:

Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են, մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու...»:

News.am