«Հրապարակ»․ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԵԽ
«Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև նա մեկնելու է Բրյուսել: Այս տեղեկությունը փոխանցում է «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում։
«Մեզ հայտնի դարձած տեղեկություններով` նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու»,- գրում է թերթը։
Լրատվամիջոցը նկատում է, որ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանությունները զրկեցին Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ «Ակնհայտ է, որ Եվրոպայում բավականին հետաքրքրություն կա հայաստանյան ընդդիմության և նրա ապագա ծրագրերի նկատմամբ: Այս ուղևորությունն ուշագրավ է նաև նրանով, որ խորհրդարանական ընդդիմությանը ոմանք համարում են ռուսամետ շարժում»,- գրում է թերթը։