ՆՈՐ ՀԱՆՁՆՄԱՆ ՇԵՄԻՆ
Ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Ադրբեջան կատարած իր վերջին այցի արդյունքները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգտագործեց պաշտոնական Բաքվի դրույթներն ու տերմինները և կրկին նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում: Ի պատասխան՝ Փաշինյանը չգտավ ավելի լավ բան, քան հիշեցնել Լավրովին երկու երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հայ-ռուսական համատեղ հայտարարության այն կետը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի դերի մասին։ Փաշինյանը կարծում է, թե Լավրովը տեղյակ չէ՞։
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ: Իհարկե, այն կարևոր է, և հասկանալի է ձևաչափին նոր լիցք հաղորդելու, դրա լիարժեք գործունեությունը վերսկսելու Երևանի դիրքորոշումը։ Բայց... Հաճախ այնպես է պատահում, որ երբ մարդը, ինստիտուտները կամ նույնիսկ ավելի պատասխանատու կառույցները, ինչպիսիք են ԱԳՆ-ը կամ կառավարությունը, ներքաշվում են որևէ գործընթացի մեջ, հետո իրենք էլ չեն նկատում, թե ինչպես է այն դառնում իներցիա և այլափոխում նպատակը, որի համար նախաձեռնվել է։
Դատելով ամենից, Փաշինյանի ու իր արտաքին քաղաքական ուղեգծի պարագայում տեղի է ունեցել հենց դա. կրկին խոտորվել են առաջնահերթությունները։ Եվ մտահոգված լինելով, որ Մինսկի խումբը սկսի լիարժեք գործել, նա դադարել է նկատել, որ դրա լիարժեք գործունեության վերսկսումն ինքնանպատակ չէ։
Նպատակն այլ է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար կարգավորում։ Իսկ որպեսզի նման կարգավորումը հնարավոր դառնա, մեր խառնակ ժամանակներում ամենակարևորը Արցախի անվտանգությունն է, ինչի մասին հաճախ է խոսում նաև ինքը՝ Փաշինյանը։ Բայց ո՞րն է այսօր այն հիմքը, որի վրա կառուցվում է Արցախի անվտանգությունը։ Մինսկի խո՞ւմբը։ Ամենևին։ Դուր գա, թե ոչ, բայց այդ հիմքն ու գլխավոր գործոնը ռուսական խաղաղապահ զորակազմն է։ Առանց նրա Արցախի անվտանգության ապահովումը շատ դժվար կլիներ, եթե ընդհանրապես հնարավոր լիներ այն պայմաններում, երբ նույնիսկ նախագահ Արայիկ Հարությունյանն է ընդունում, որ Ադրբեջանից հետևում են իր ամեն քայլին. դա Բաքվի համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում։
Դրանով իսկ, ի դեպ, անուղղակիորեն հաստատելով այն վարկածը, որ հայկական հատուկ ծառայությունների լրտեսական վերջին բացահայտումներն իրականում պարզապես հրամցվում են ադրբեջանցի գործընկերների կողմից՝ իրենց իրական աղբյուրները քողարկելու համար։
Այնպես որ հայ-ռուսական հայտարարության այս կամ այն կետերը Լավրովին հիշեցնելու փոխարեն, Փաշինյանը թող ավելի լավ է հարց տար ինքն իրեն. ի՞նչ է տեղի ունեցել վերջին շրջանում, որ Մոսկվայի շեշտադրումները Երևանի և Բաքվի հետ հարաբերություններում կտրուկ փոխվել են։ Այն աստիճան կտրուկ, որ չնայած Ուկրաինային Ադրբեջանի ցուցաբերած աջակցությանը, նույնիսկ Հայաստանի բարեկամ Վլադիմիր Սոլովյովը հանկարծ խոսում է «համաշխարհային քաղաքականության մեջ» ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեծ դերի մասին, երկու անգամ հրապարակավ ներողություն խնդրում ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ հարցազրույցի համար, Իսկ Բաքվում հաղթականորեն խոսում են այն մասին, որ ուր որ է կփակվի Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչությունը, քանի որ Կրեմլը վերջապես «արդար դիրքորոշում» է ցուցաբերում։ Ի՞նչ է տեղի ունեցել վերջին շրջանում, որ այդչափ վատացել են հայ-ռուսական հարաբերությունները և, հակառակը՝ բարելավվել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։
Կարծում ենք, Փաշինյանը գիտի, թե կոնկրետ ինչն է պատճառը, բայց, իհարկե, չի ասի։ Իսկ մենք կարող ենք միայն ենթադրել, որ իրավիճակը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Երևանի դիրքորոշման հետ. հավանաբար Մոսկվան տեղեկություն է ստացել կամ հանգել այն եզրակացության, որ Փաշինյանը խաղադրույք է կատարում հավաքական Արևմուտքի հաղթանակի վրա։ Այս վարկածի օգտին են խոսում ինչպես իշխանական թիմի ներկայացուցիչների ակտիվ շփումներն այդ չարաբաստիկ հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների հետ, այնպես էլ առանձին քայլերը՝ ուղղված տարածաշրջանում արևմտյան կառույցների ներկայության ուժգնացմանը։ Կարելի է, օրինակ, հիշել, որ օրերս լեհերը գնել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Ռուսաստանի պահվածքն ընդհանրապես և Լավրովի հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ՝ մասնավորապես, բնավ զարմանալի չեն։ Հասկանալի է, թե որքան կարևոր է ռուսների համար այս կամ այն երկրների դիրքորոշումը Արևմուտքի հետ իրենց կոշտ դիմակայության շրջանում։ Դրա համար էլ Մինսկի խմբի վերականգնման ուղղությամբ Երևանի ջանքերը Մոսկվայում ընկալվում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար կարգավորման պրիզմայի միջով, այլ որպես գործիքի տրամադրում Արևմուտքին՝ Ռուսաստանին այն տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության շրջանակներում, որտեղ իր խաղաղապահներն ապահովում են Արցախի անվտանգությունը, իսկ հայ-ռուսական երկկողմ պայմանավորվածությունները՝ հայ-թուրքական սահմանի անվտանգությունը։
Փաշինյանի վերջին կադրային որոշումները նույնպես տեղավորվում են այդ վարկածի մեջ։ Շարունակելով պետական ինստիտուտների վարկաբեկումը, հետևաբար՝ նաև փլուզումը, նա առաջ է մղում անփորձ, բայց բացահայտ արևմտամետ կադրերի։ Դրանք են՝ և՛ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրված երիտասարդ Աննա Վարդապետյանը, և՛, առավելևս, կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի անդամ առաջադրված Սեդա Սաֆարյանը։ Այն աստիճան անհեթեթ որոշում, որ նույնիսկ Փաշինյանը ամաչեց հնչեցնել դա կառավարության նիստում և հիմնավորեց նրանով, որ այն «քաղաքական» է։ Վարչապետի հին բարի փաստարկը՝ դեռևս լրագրողական կարիերայի ժամանակներից...
Երբ նա ինչ-որ մեկին վիրավորում է, ասում է, թե դա «քաղաքական գնահատական» է։ Երբ ստորության հոտ արձակող որոշում է կայացնում, ասում է, թե դա «քաղաքական» է։ Փաշինյանի օրինակով առհասարակ կարելի է գիտաշխատություններ գրել քաղաքական գործունեության կատարյալ անբարոյականության մասին. չէ՞ որ Սաֆարյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ապտակ է ոչ միայն իրենց հարգող իրավաբաններին կամ Սահմանադրական դատարանին։ Դա ապտակ է ընդհանրապես իրավունք և արդարադատություն, Հայաստանի պետականություն հասկացություններին։ Ինչո՞ւ է դա արվում։ Որպեսզի աջակցություն ապահովվի նախապատրաստվող հերթական ստորությանը, այսինքն «քաղաքական որոշմանը» Սահմանադրական դատարանի կողմից։
Հետագա հնարավոր սցենարների տեսանկյունից՝ իրավիճակն իսկապես պարզ է. մենք շարունակում ենք կորցնել երկիրը, քանի որ Փաշինյանի թիմը սպառնալիք է պետականությանը, և այսօր Երևանի դիրքերն ավելի թույլ են, քան նույնիսկ 2020-ի նոյեմբերին։ Հակառակ Ռուսաստանի և Իրանի ակնհայտ շահերի, Նիկոլն այսուհետ էլ պատրաստ է հանձնել Արցախը՝ ի հաճույս Արևմուտքի, որի համար լավ է այն ամենը, ինչը նյարդայնացնում է Մոսկվային. լինի դա ռազմական գործողությունն Ուկրաինայում, Արցախի վերջնական հանձնումը Ադրբեջանին՝ ռուս խաղաղապահների դուրսբերման համար, Հայաստանի հանձնումը Թուրքիային՝ ռուսական ռազմաբազան դուրս բերելու նպատակով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործունեության վերսկսումը՝ տարածաշրջանում Մոսկվայի դերի թուլացման ևս մեկ գործիք ստանալու համար։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից հայկական շահերի հանձնման մասշտաբներին ու տեմպերին, ապա դրանք կախված են նրանից, թե հատկապես ինչը Նիկոլը կընկալի որպես իր իշխանությանը սպառնացող գլխավոր վտանգ. թուրք-ադրբեջանական համատեղ ճնշումն ու շանտաժը, թե... ընդդիմության ակցիաները, որոնց ուժն էլ միայն կարող է կա՛մ կանխել, կա՛մ գոնե նվազագույնի հասցնել և հիմնովին դանդաղեցնել հանձման այս գործընթացը, որի հերթական փուլի դարպասի առջև ենք մենք այսօր կանգնած։
Պատահական չէ, որ Բաքվից հնչող սպառնալիքները վերսկսվեցին այն բանից հետո, երբ ընդդիմությունը մի փոքր նվազեցրեց տեմպերը, իսկ Ադրբեջանին արվելիք հետագա զիջումների մասին Փաշինյանի նոր կոնկրետ հայտարարությունները նույնպես հնչեցին Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելուց անմիջապես հետո։ Բաքվում, իհարկե, դասավորությունը շատ լավ հասկանում են, ուստի երբ Դիմադրության շարժումն ակտիվանում է, այնտեղ փոքր-ինչ մեղմացնում են Երևանին ներկայացվող իրենց պահանջները, որպեսզի հանկարծ չկորցնեն ճակատագրի այնպիսի պարգևը, ինչպիսին Փաշինյանն է ու իր «Քաղաքացիական պայմանագիրը»։
Ահա և ստացվում է, որ այո, Հայաստանում երկիշխանություն, ինչպես երբեմն ասում են ընդդիմության խոսնակները, իհարկե, դեռ չկա. իշխանությունն ամբողջությամբ Փաշինյանի ձեռքում է։ Բայց այ իշխանության օրակարգը շատ հաճախ թելադրում է հենց ընդդիմությունը, սկսած միջազգային ասպարեզում արվող քայլերից և վերջացրած Նիկոլի ոստիկանների պարգևավճարներով։