«ԵԿԵ՛Ք ԿԱՌՈՒՑԵՆՔ ԼՈՒՅՍԻ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆԸ»

Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թվականին՝ փլուզման վտանգից տաճարը պաշտպանելու նպատակով: Վերջին անգամ սրբավայրի ամրակայում իրականացվել է 1950-1960-ական թվականներին և կրել մասնակի բնույթ։ Այսօր Մայր տաճարի վերականգնումը մոտ է ավարտին։

«ԳԱ»-ի ԹՂԹԱԿՑԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑՈՒՄ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ նշեց, որ աշխատանքները տևել են մի քանի տարի, և այդ ժամանակաշրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատարագներ է մատուցել Սուրբ Գայանե եկեղեցում:

 «Մայր տաճարը կառուցվել է 303 թվականին՝ դեռ ուրարտացիների օրոք գոյություն ունեցած հնագույն հեթանոսական տաճարի տեղում, ինչը հաստատում է հնագիտական պեղումների ընթացքում արևելյան խորանի տակ հայտնաբերված համապատասխան պատմական ժամանակաշրջանի կոթողը։ Կառուցվել է Տրդատ 3-րդի և Ամենայն Հայոց առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ՝ 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման կապակցությամբ։ Ավանդությունն ասում է, որ Գրիգորը տեսիլք է ունեցել, որ այդտեղ Հիսուս Քրիստոսն իջավ երկնքից և ոսկե մուրճի հարվածով փոսվածք թողեց՝ Աստծո տաճարը հիմնելու համար։ Էջմիածին բուն անվանումը նշանակում է «իջավ Միածինը», այսինքն Աստծո Որդին։

Ի սկզբանե բազիլիկի տեսքով կառուցված տաճարը 483 թվականին վերակառուցվել է, նրան տրվել է խաչակերպ ձև՝ գմբեթով պսակված։ Շենքի փայտե գմբեթը, պահպանվելով մինչև VII դար, փոխարինվել է քարե գմբեթով։ Տաճարը եզակի է նրանով, որ նրա հյուսիսային զանգակատան կամարին պատկերված է պարսից շահ Աբասը. ենթադրվում է, որ հարթաքանդակը տեղադրվել է հենց այնտեղ, որպեսզի տաճարը քանդելու համար շահի ուղարկած ծառաները չանեն դա: Եկեղեցին շրջապատված է վանական համալիրով, որը ներառում է նաև մի շարք քաղաքացիական կառույցներ (հոգևոր ակադեմիա, Կաթողիկոսի նստավայր, Հայ Եկեղեցու Սինոդ, գրադարան և գրապահոց, վանականների խցեր և այլն)։ Անցած հարյուրամյակների ընթացքում տաճարը բազմիցս վերակառուցվել է։ XVIII դարում տաճարի ինտերիերը պատկերազարդվել է Հովնաթանյան ընտանիքի նկարիչների կողմից»,- պատմեց Մելիքյանը։

Եզակի որմնանկարների ներկայիս վերականգնումն իրականացրել են հայ և իտալացի լավագույն մասնագետներ, իսկ շենքի ամրակայումն ու հիմնանորոգումը՝ «Հորիզոն-95» կազմակերպությունը, Հայաստանի վաստակավոր շինարար, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ:

 Տաճարի պատերը զարդարված են ավելի քան 120 սրբապատկերներով։ Վերականգնման ժամանակ շինարարները հայտնաբերել են նաև 12 առաքյալներին պատկերող որմնանկար։ Այն ծածկել են խիտ գործվածքով, իսկ հինավուրց պատկերն ուղարկել փորձաքննության։

«Վերականգնման աշխատանքների ընթացքում մենք որմնանկարի տակ գտել ենք տարբեր ժամանակաշրջաններում արված նկարների մի քանի շերտ,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ Արա Վադանյանը:- Դրանք աստվածաշնչյան սյուժեներով կոմպոզիցիոն պատկերներ են։ Որմնանկարի ապամոնտաժումից հետո մասնագետները մի քանի ամիս վերականգնում էին այն։ Գործընթացը բարդ էր, քանի որ մեր մասնագետներն առաջին անգամ էին վերականգնման աշխատանքներ անցկացնում ոչ թե պատի վրա, այլ լաբորատորիայում։

XVIII դարում տաճարը պատկերազարդել է նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Երեք հարյուրամյակի ընթացքում տաճարը վերանորոգվել է մի քանի անգամ։ Վերջինը եղել է գրեթե 70 տարի առաջ, մեր օրեր հասած պատկերները տարբերվում են բնօրինակներից։ Ինչ վերաբերում է շենքի վերանորոգմանը, ապա մենք ջանացել ենք օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ՝ ածխաթել ճոպաններ և բազալտե ամրաններ։ Հիմնովին ամրապնդվել է հիմքը, սյուներն ու պատերը։ Վերանորոգել ենք տաճարը նաև դրսից. նորացրել գլխավոր գմբեթի սալերը, նորոգել զանգակատները»։

Նշենք, որ աշխատանքների ընթացքում հերքվել է պատմաբանների և ճարտարապետների շրջանում տարածված այն տեսակետը, թե ի սկզբանե տաճարը կառուցվել է որպես վաղ միջնադարյան բազիլիկի տիպի քառանկյուն կամ ուղղանկյուն շինություն, իսկ ավելի ուշ վերակառուցվել որպես կենտրոնագմբեթ եկեղեցի՝ աբսիդների հավելմամբ:

 «Արևմտյան աբսիդի հիմքի ուսումնասիրության ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ 1950-ականներին հայտնաբերված ճարտարապետական զարդարանքները չեն ընդհատվում, այլ մեկ ամբողջություն են կազմում և վերաբերում նույն դարաշրջանին։ Այս բացահայտումը վերջակետ դրեց տաճարի նախնական հատակագծի վերաբերյալ երկար բանավեճին: Ավելին, IV դարով թվագրվող սյուների սվաղի հաստ շերտը հանելուց հետո հայտնաբերվեցին քարի մեջ փորագրված եզակի պատկերներ։ Սյուների խոյակները բացառիկ են նրանով, որ կորնթոսյան անտիկ ոճի ուղղակի շարունակությունն են քրիստոնեական դարաշրջանում: Գտածոները հաստատում են, որ տաճարը կառուցվել է IV դարում, իսկ հայտնաբերված տարրերը մատնանշում են, որ հին քրիստոնեական ճարտարապետությունը ծնունդ է առել անտիկ ճարտարապետությունից»,- պատմում է վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։

Տաճարի պահպանման և ամրակայման առումով ընթացիկ հիմնանորոգումը եզակի է վերջին հարյուրամյակների ընթացքում։ 2019 թվականի հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հայությանը հղեց սրբատառ կոնդակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչով: Աստծո օգնությամբ դա հաջողվեց փայլուն կերպով։

Այսպիսի վերականգնումից հետո տաճարը նորոգման անհրաժեշտություն չի ունենա ևս 300 տարի, վստահ են մասնագետները: Նորացված տաճարը ծխականների առջև դռները կբացի ընթացիկ տարվա աշնանը: