Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ՑԵՆԶՈՒՐԱՅԻ

Եթե անգամ ինտերնետի կեսն էլ արգելափակվի, միևնույնն է, մարդիկ տեսնելու են խնդրահարույց տեղեկատվությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով դատախազության առաջարկին, նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ պետությունը չունի այն գործիքակազմը, որը թույլ կտա բացահայտել, թե համացանցում ովքեր են կանգնած տարբեր ռեսուրսներով տարածվող հանցավոր տեղեկատվության հետևում։

Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Ըստ Մարտիրոսյանի` ամենավառ օրինակը հայհոյանքը համացանցում կասեցնելու փորձն էր`քրեականացնելով այդ երևույթը, սակայն արդյունքում պարզվեց, որ քրեորեն հետապնդվում են առավելապես այն անձինք, ովքեր հայհոյում են կոնկրետ մարդու` ՀՀ վարչապետին, ինչն էլ ակնհայտորեն ստացավ քաղաքական երանգ։ Հետևաբար գլխավոր դատախազության նախաձեռնությունը, նրա կարծիքով, նույնպես շատ արագ կարող է վերածվել ցենզուրայի, որը չի լուծի հանրային խնդիրները։

«Համացանցում տեղեկատվական անվտանգության հարցը շատ բարդ է, և ոչ մի երկրի չի հաջողվել լիարժեք լուծում տալ այդ խնդրին։ Եթե խոսենք օրենսդրական կարգավորման մասին, ապա պետք է ասել, որ շատ նախաձեռնություններ սկսվում են բարի նպատակներով, բայց հետո գործընթացը վերածվում է քաղաքական արգելափակումների»,– ասաց փորձագետը։

Մարտիրոսյանի կարծիքով`ծայրահեղ դրսևորումներն անշուշտ պետք է կարգավորվեն օրենքով, և դա կբերի նրան, որ պետությունը պրովայդերներին կստիպի արգելափակել որոշ կայքեր։ Ըստ նրա` այստեղ հիմնականում գործ ունենք ինքնակարգավորման, կրթության, իրազեկման հետ կապված խնդիրների հետ։ Եթե մարդն օրինակ խաբվում է բացահայտ անիմաստ տեղեկատվությամբ, ապա ինտերնետային վերահսկողությունը նրա պարագայում կապ չունի, որովհետև այդ անձը, միևնույնն է, կգտնի նման բովանդակությամբ տեղեկություն։

«Իրավական կարգավորումն ու խոսքի ազատության դրույթի պահպանումն իրար չեն խանգարում, ուղղակի մենք, որպես հասարակություն, պետք է որոշենք, թե մեզ համար առաջնահերթությունը որն է` քաղաքացիական ազատություննե՞րը, թե՞ պետության կողմից իրականացվող լուրջ վերահսկողությունը, որին պատրաստ ենք զոհաբերել այդ ազատությունների մի մասը։ Հետևաբար նման նախաձեռնություններն իրավական ակտեր դառնալուց առաջ պետք է երկարատև քննարկման առիթ դառնան»,– ասաց փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով` շատ հաճախ պետական մարմինները սխալվում են, եթե համարում են, որ «e-draft»–ում այս կամ այն նախագիծը տեղադրելով` իրականացնում են հանրային քննարկում, մինչդեռ դա իմիտացիա է, հանրային քննարկումը պետք է լինի մինչև «e-draft»–ին հասնելը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների համաձայն` վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդի կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Ըստ գլխավոր դատախազության` լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Sputnik Արմենիա