ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՐՁՈՐ (ԼԱՉԻՆ) ՔԱՂԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

1. Ի՞նչ է եղել

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող և ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: Դրա հետևանքով «մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր»: Դրանից ավելի վաղ առաջիկա ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։ Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաև լուսանկարներ և տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։

2. Որտե՞ղ է Բերձորը և ինչո՞ւ է այն կարևոր

Բերձոր քաղաքը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա՝ գրեթե հավասար հեռավորության վրա հայկական այդ երկու քաղաքներից։ Այս քաղաքը, որ Ադրբեջանը կոչում է Լաչին, հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից թեժ մարտերով ազատագրվել է 1992 թ. մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, ինչի շնորհիվ բոլոր կողմերից շրջափակված Արցախի հիմնական հատվածը ցամաքային կապ ստացավ Մայր Հայաստանի հետ։ Դրանից հետո քաղաքը դարձել է նորաստեղծ Քաշաթաղի շրջանի կենտրոնը, իսկ քաղաքով անցնող ավտոմայրուղին, որը հիմնանորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, դարձավ ՀՀ-Արցախ հիմնական տրանսպորտային ենթակառուցվածքը և այդպիսին է մնում մինչ օրս։ Այս պատճառով այն ստացավ նաև «կյանքի ճանապարհ» ժողովրդական անունը։ Ավելին, հետագայում հենց այս քաղաքով և հարակից հատվածով են անցնում ՀՀ-ից Արցախը սնուցող այլ ենթակառուցվածքները՝ էլեկտրականության, գազամատակարման ենթակառուցվածքները, հեռախոսային և համացանցային կապի մալուխները։ Քաղաքի՝ Արցախի համար ռազմավարական կարևորությամբ պայմանավորված՝ 1990-ականներից ի վեր՝ բոլոր բանակցային շրջափուլերում բուն քաղաքը և նրա շրջակայքի հատվածը՝ «Լաչինի միջանցք» անվամբ (20-40 կմ լայնությամբ), ենթադրվել են թողնել հայկական կողմին՝ որպես Հայաստանի և Արցախի հանրապետություններն իրար կապող անխափան ցամաքային կապ։

3. Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից հետո

Արցախյան երրորդ պատերազմից և ՀՀ դե-ֆակտ իշխանության կապիտուլյացիայից հետո ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարության հաստատվեց «Լաչինի միջանցքը», որն ունի 5 կմ լայնություն և որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Արդյունքում Բերձոր քաղաքը և դրան հարակից մի քանի գյուղեր թեև չընկան ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն դրանք ամբողջությամբ շրջափակված են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից և գտնվում են խիստ խոցելի վիճակում։
Բերձորում և հարակից շրջանում, որը հայաթափվել էր 18-րդ դարի երկրորդ կեսերին, 1992 թվականից ի վեր նորից վերահաստատվել էին հայեր, որոնց թվում էին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից և Հյուսիսային Արցախից բռնագաղթվածներ, Սիրիայից, Իրաքից, Ռուսաստանից հայրենադարձներ և այլն։ 2020 թ. նոյեմբերին Բերձոր քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 2000 մարդ, իսկ հարակից գյուղերի (Աղավնո, Եղծահող, Ներքին Սուս) հետ միասին այս հատվածում բնակվում էր ավելի քան 3 հազար մարդ։ Պատերազմից հետո Աղավնո և Եղծահող գյուղերը շարունակում են մնալ հայաբնակ, իսկ Բերձոր քաղաքը մասամբ է բնակեցված (շուրջ 200 հոգի)։ Շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինները, որոշ առևտրային կետեր և եկեղեցին։ Չնայած համեմատաբար սակավ բնակչությանը, այնուամենայնիվ, այս բնակավայրերը ներկայումս ևս կարևորագույն նշանակություն ունեն ՀՀ-Արցախ կապի համար, քանի որ նրանց առկայությունը հավելյալ անվտանգային միջավայր է ստեղծում միջանցքով անցնող քաղաքացիների համար (անցնում են հայկական բնակավայրերի միջով), ինչն իր հերթին առավել մեծ զգոնության է դրդում նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներին։

4. Իսկ ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել քաղաքը

Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։ Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։ Ստացվում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, քանի որ ոչ միայն խախտված են ժամկետները (ըստ հայտարարության, նոր ճանապարհի հարցը պետք է քննարկվեր 2023 թ-ի նոյեմբերից ոչ շուտ), այլև նախնական պայմանավորվածությունն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պետք է համաձայնեցված լինի կողմերի միջև։ Թե՛ Արցախի Հանրապետության ղեկավարությունը, թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես չեն խոսում որևէ նման համաձայնեցման մասին, սակայն լրագրող Ն. Հոխիկյանի հարցմանն ի պատասխան ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։ Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկա է գաղտնի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է եռակողմ հայտարարությունը, որին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։

Կա ևս մեկ կարևոր մանրամասն, որի վրա ուշադրություն է դարձրել լրագրող Վահե Սարգսյանը. ՀՀ դե-ֆակտո վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված եռակողմ հայտարարության մեջ վերոնշյալ 6-րդ կետի հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «միջանցքի երկայնքով» արտահայտությունը, ինչը փոխում է ռուսերեն բնօրինակում առկա մտքի տրամաբանությունը, որը սահմանում է ոչ թե երկայնքով, այլ միջանցքում (ռուսերենում՝ «…нового маршрута движения по Лачинскому коридору») և կարող է նշանակել թե՛ միջանցքով, թե՛ միջանցքի երկայնքով։ Ըստ էության՝ հայկական տեքստը սահմանում է միայն երկայնքով տարբերակը։

Նյութը գրելու պահին դեռ հատնի չէր ՀՀ դե-ֆակտո վարչապետի պաշտոնական դիրքորոշումը այս հարցով։ Հունիսի 27-ին իր ասուլիսի ժամանակ նա հաստատեց, որ «երթուղու (նկատի ունի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը) փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։ Այսինքն փաստեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնելու նաև Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը։

5. Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Բերձորը և փոխել ճանապարհը

Եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել փոխել «Լաչինի միջանցքի» երթուղին, ապա դա կունենա մի քանի խիստ վտանգավոր հետևանք, որոնք առաջացնելու են նոր անվտանգային ու քաղաքական սպառնալիքներ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության համար։ Նշենք դրանցից մի քանիսը.

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հերթական անգամ Ադրբեջանին է հանձնելու հայկական նոր տարածքներ, շարունակելու է միակողմանիորեն տարածքային զիջման գնալ պատերազմի ավարտից երկու տարի անց։

Ռուսական խաղաղապահները կտեղակայվեն նոր մայրուղու երկայնքով, ինչի պատճառով Բերձորն ու հարակից գյուղերը կհայտնվեն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Արդյունքում Ադրբեջանը կգրավի նոր հայկական բնակավայրեր։ Թշնամու կողմից Արցախի օկուպացված տարածքը կմեծանա ևս մի քանի բնակավայրով։

Տեղի հայ բնակիչները կմնան առանց պաշտպանության ու ստիպված կլինեն լքել իրենց հայրական տները, շուրջ 1000 հոգի կդառնա հայրենազուրկ ու բռնագաղթված՝ ստեղծելով հումանիտար նոր ճգնաժամ։

Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրա- և այլ հաղորդալարեր, գազատար և այլն) կհայտնվեն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո։ 2022 թ. ձմռանը և գարնանն Ադրբեջանը արդեն երկու անգամ կտրել է իր վերահսկողության տակ ընկած հայկական գազատարը, որի արդյունքում Արցախը լիարժեք զրկված էր ջեռուցումից, առաջացել էր հումանիտար աղետ։ Որևէ երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի նաև ապագայում։ Ավելին, ադրբեջանական կողմը նման միջամտություններով փորձելու է Արցախը լիարժեք կտրել Մայր Հայաստանից և ինտեգրել իր տարածքի մեջ՝ հայկականի փոխարեն բոլոր հաղորդակցությունները կապելով իր ցանցերին։

Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհն անցնում է անհամեմատ ավելի վատ աշխարհագրական տեղանքով, ինչի պատճառով հատկապես վատ եղանակային պայմանների դեպքում այն դառնալու է դժվարանցանելի կամ ընդհանրապես անանցանելի։ Արդյունքում՝ Արցախի մեկուսացումը կարող է տեղի ունենալ նաև այս պատճառով։ Ավելին, նոր ճանապարհը լիարժեք վերահսկելի է դառնում Ադրբեջանի Զինված ուժերի համար։

Բերձորի ու շրջակա գյուղերի հայկական ողջ ժառանգությունը (հուշարձանններ (եկեղեցիներ, մատուռներ, տասնյակ խաչքարեր, աղբյուրներ) և հասարակական նշանակության այլ շինություններ) կոչնչացվեն Ադրբեջանի կողմից, ինչին ականատես ենք օկուպացված բոլոր տարածքներում՝ Նախիջևանից մինչև Արցախ (Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլն)։

Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի հայկական գյուղերը, որոնք սահմանակցում են «Լաչինի միջանցքի» հայկական գյուղերին, կդառնան սահմանային և կգտնվեն Ադրբեջանի ԶՈՒ ուղիղ նշանառության տակ։ Ավելին, Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի է՛լ ավելի ամրապնդել իր ռազմավարական դիրքերը Սյունիքի հանդեպ՝ հաջորդ պատերազմում ունենալով բացահայտ առավելություն, իսկ դա կգոյացնի նոր սպառնալիք ՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ։

Հայաստանը բանակցային դիրքերում հերթական միակողմանի զիջումը կանի Ադրբեջանին։

6. Ի՞նչ է ասում ռուսական կողմը

Ռուսաստանը պաշտոնապես որևէ նոր մեկնաբանություն այս առթիվ չի տվել։ Բոլոր նախորդիվ արված հայտարարությունները հանգում են նրան, որ կողմերը պետք է հավատարիմ լինել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններին։ Այսինքն՝ ինչպես այլ դեպքերում, առավել էական է հայկական կողմի դիրքորոշումը. արդյոք հայկական կողմը պատրաստվո՞ւմ է պայքարել Բերձորի ու շրջակա գյուղերի հայկական մնալու համար (և այդ հարցում համագործակցել իր ռազմավարական դաշնակցի հետ), թե՞ զիջելու է Ադրբեջանին՝ այդպիսով հայաթափելով հերթական հայկական բնակավայրերն ու փաստացի հանձնելով նոր տարածքներ թշնամական պետությանը։

7. «Ինչո՞ւ պիտի մտահոգվեմ, էդքան տարածք ենք հանձնել, սա էլ հանձնենք ու հանգիստ կապրենք, մեկ ա՝ նոր ճանապարհ ա սարքվում»

Բերձորի հանձնումը ունենալու է ծանր հետևանքներ թե՛ անվտանգության, թե՛ Արցախի հիմնահարցի, թե՛ տնտեսական ու հումանիտար առումներով։ 5-րդ հարցում մանրամասն նկարագրել ենք։ Սա անդրադառնալու է ամբողջ Հայաստանի վրա։ Ադրբեջանը, ստանալով Բերձորը, ներկայացնելու է նոր պահանջներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքի նկատմամբ, ինչպես որ արդեն անում է։ Ավելին՝ դա հեշտացնելու է ադրբեջանական կողմի առաջխաղացումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում (2020 թ. նոյեմբերից այս կողմ Ադրբեջանի կողմից գրավվել է ՀՀ տարածքի շուրջ 70 քառակուսի կմ)։ Սպասել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր այս քաղաքականությունից, միամտություն է և չի համապատասխանում իրականությանը։

8. Ամեն ինչ հասկացա։ Հիմա ի՞նչ կարող եմ անել որպես քաղաքացի։

Բարդ խնդիր է, բայց ամեն բան անհույս չէ։

Բերձորը կարելի է հայկական պահել։ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը լիարժեք հրաժարվել է այս և այլ հարցերում հետևողական հայկական դիրքորոշումից։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ներքին հասարակական ճնշումը կարող է դրդել նրանց առավել կոշտ դիրքորոշում որդեգրել և պայքարել Բերձորի հայկական մնալու համար։

Այս նպատակով անհրաժեշտ է անել հետևյալը.

·        Բարձրաձայնել և տեղեկացնել Բերձորի խնդրի մասին աշխատատեղերում, բարեկամների ու ընկերների շրջապատում՝ բացատրելով, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հերթական զիջումն Ադրբեջանին։

·        Աջակցել այն հասարակական ու քաղաքական գործիչներին, որոնք այժմ աշխատում են Բերձորի հայկական մնալու օգտին։

·        Ստիպել ՀՀ դե-ֆակտո կառավարության ներկայացուցիչներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին անդրադառնալ այս խնդրին և հանրային հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են անում, որպեսզի Բերձորի հայկական մնա։

·        Այցելել Բերձոր, Աղավնո, Եղծահող և այլ հայկական բնակավայրեր և տեղից անել մեդիա-անդրադարձներ, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի այս մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

HayAliq.com