ՌԴ ԱԳՆ․ Հաջողվեց մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը եռակողմ խմբի շրջանակներում շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշակի առաջընթաց գրանցվեց, հաջողվեց մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ։ Ինչպես հայտնի է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ ի շահ Երևանի, Բաքվի և նրանց հարևանների։ Իրենց աշխատանքի արդյունքների մասին համանախագահներն առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին, երբ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասել է նա։

News.am