ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԸՆԿԵՐԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը ամբողջովին ավերվել Է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք վերանորոգման պատրվակով տաճարը վերածում են ուղղափառ եկեղեցու: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական եկեղեցու ինքնության խեղաթյուրումը նախաձեռնել է ոմն բլոգեր Ալլահվերդիևը, սակայն հասկանալի է, որ այդ «նախաձեռնության» հետևում կանգնած է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: Հաղորդագրությանը կցված էին լուսանկարներ, որոնք ապացուցում են տաճարի ավերման փաստը։
«Վերականգնման պատրվակով նրանք հայկական եկեղեցին ուղղափառ են դարձնում, որպեսզի կեղծեն պատմությունը և վերացնեն հայկական հետքը»,- գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր Telegram-ալիքում: Նա ընդգծել է, որ պատմական տարբեր աղբյուրներում և տարեգրություններում կան հավաստի և անհերքելի տեղեկություններ, որոնք հաստատապես վկայում են եկեղեցու բուն հայկական պատկանելության փաստի մասին:
«Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մշակութային արժեքների պահպանության այլ միջազգային կազմակերպություններ մանրամասն կուսումնասիրեն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործնական քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի կողմից մշտական մշակութային ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ»,- նշել է Բեգլարյանը:
Կանաչ ժամը Շուշիում Հայ Առաքելական Եկեղեցու ամենահայտնի եկեղեցիներից է։ Նրա մեկ այլ անվանումը Ղարաբաղցոց է. հին տաճարի անունով, որն ավելի վաղ եղել է այդ տեղում։ Դրա հիմնադիրն է համարվում Ստեփանոս Բաբայանը, փայտե եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, իսկ ժամանակակից տեսքը ստացել է 1847 թվականին։ Խորհրդային տարիներին Կանաչ ժամը չի գործել, Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ վնասվել է։ Կրկին սկսել է գործել Շուշիի ազատագրումից հետո։
Ոտնձգությունն այդչափ հայտնի հայկական պաշտամունքային կառույցի դեմ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները լիակատար ազատություն և անպատժելիություն են զգում վանդալիզմի և տարածաշրջանում հայկական հետքի ոչնչացման իրենց անփոփոխ քաղաքականության իրականացման հարցում: Եվ, իհարկե, պատահական չէ, որ դա հատկապես ինտենսիվ է ընթանում Շուշիում։ Նշենք նաև Բաքվի իշխանությունների կարծեցյալ «խորամանկությունը». տաճարն իբր վերականգնում են, որպեսզի այն կրկին դարձնեն ուղղափառ՝ քծնանքով ակնկալելով ռուսների «բարեհաճությունը» դրա ինքնության խեղաթյուրման հարցում։
Բաքվում շատ լավ գիտակցում են Շուշիի թեմայի առանձնակի հուզականությունը հայ ժողովրդի համար։ Հենց այդ պատճառով բերդաքաղաքին հատուկ ուշադրություն է դարձվում բացի ամենից նաև քարոզչական միջոցառումների առումով։ Այնտեղ մշտապես այցելում են իշխանության ներկայացուցիչները՝ Ալիևի գլխավորությամբ, այնտեղ տարան նաև Էրդողանին կնոջ հետ, այնտեղ են տանում տարբեր հյուրերի, բազմաթիվ միջոցառումներ անցկացնում և այլն։ Միայն մայիս-հունիս ամիսներին Շուշիում տեղի են ունեցել մի շարք խորհրդաժողովներ. Թուրքիայի հետ համագործակցությանը նվիրված «Շուշիի հռչակագրի տարեդարձի» կապակցությամբ կազմակերպվեցին օտարերկրյա դիվանագետների հերթական խմբի, իրենց պատգամավորների, ինչ-որ գիտական կոնգրեսի և ՏՀԿ ԽՎ-ի խորհրդաժողովի մասնակիցների այցեր, անցկացվեց բանահյուսական փառատոն և այլն: Իսկ մայիսի 22-ին թուրքագետ Վարուժան Գեղամյանը տեղեկացրեց, որ Շուշիի փողոցներից մեկն անվանել են Քեմալ Աթաթուրքի անունով:
Հասկանալի է, որ դա արվում է ցուցադրաբար, անպատկառ ու լկտի կերպով, և ի թիվս ամենի՝ կոչված է հարուցել հայերի ցավոտ արձագանքը։ Դրա հետ մեկտեղ Բաքվում շատ լավ գիտեն, որ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքի այդ ամենին նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ինչպես որ դա, ըստ էության, տեղի ունեցավ և՛ Կանաչ ժամի, և՛ ավելի վաղ՝ այլ հուշարձանների պարագայում: Հանդես չեն գա հայտարարություններով, չեն հրավիրի միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների վրա:
Նման անտարբերության պատճառը երկար փնտրելու հարկ չկա. այն հնչել է վաղուց և առաջին դեմքի բերանից։ 2020թ. նոյեմբերի 16-ին, հայկական բերդաքաղաքը խիստ կասկածելի և առ այսօր չպարզված հանգամանքներում հանձնելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Փաշինյանը անվանեց Շուշին «դժբախտ ու դժգույն քաղաք», գերազանց գիտակցելով, թե ինչ արձագանք կառաջացնի դա ողջ աշխարհի հայության շրջանում: Հետագայում և՛ ինքը՝ Նիկոլը, և՛ իր թիմակիցները շատ խուսափողական էին պատասխանում այն հարցին, թե համարում են արդյոք իրենք Շուշին հայկական քաղաք, իսկ մի շարք դեպքերում իշխանության ներկայացուցիչները բացահայտ անվանում էին քաղաքն ադրբեջանական։
Կարելի է վստահորեն արձանագրել, որ հենց Փաշինյանն է առաջինը սկսել, ընդ որում, կրկին շեշտեմ, պատերազմից անմիջապես հետո, միտումնավոր «աղ ցանել» հայ ժողովրդի չսպիացող վերքի՝ Շուշիի կորստի վրա, իսկ այնուհետ արդեն այդ «էստաֆետը» վերցրեց նրա բաքվեցի յուզգյարը։ Բայց ոչ միայն։
Շուշիում ադրբեջանցիների արարածների հանդեպ որևէ արձագանքի բացակայությունը բացահայտ աջակցության և ակտիվ լոբբինգի վառ վկայությունն է հայկական հետքի իսպառ վերացման միջոցով տարածաշրջանի պատմության կեղծման ու խեղաթյուրման այն քաղաքականությանը, որ տասնամյակներ շարունակ իրականացնում ու շարունակում են իրականացնել թուրքերը: Վանդալիզմի նույնիսկ ակնհայտ ակտի պարագայում ԱԳՆ-ի և գործող հայկական իշխանությունների նույնքան ցուցադրական լռությունն ապացուցում է, որ Փաշինյանն ու իր թիմը Բաքվի իշխանությունների հետ միաբան են գործում այն ամենում, ինչ վերաբերում է Շուշիի և ընդհանրապես Արցախի բռնազավթված տարածքների թուրքացմանը։
Այս համատեքստում զարմանալի ոչինչ չկա, որ ՀՀ դե ֆակտո իշխանություններն առ այսօր՝ պատերազմի ավարտից մեկ տարի և 8 ամիս անց, ձեռքին ունենալով հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի բազմաթիվ փաստեր, այդպես էլ չկազմակերպեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան։ Լոկ խոսքերով հնչեցնելով «Ճիշտ» հայտարարություններ՝ ո՛չ ԱԳՆ-ը, ո՛չ Մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ իշխող կուսակցության պատգամավորները իրականում մատը մատին չեն տալիս դրա համար։ Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ նրանց սիրտը չի ցավում հարազատի, ազգայինի, հայկականի համար. այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հարցը շատ ավելի նշանակալի ու խորն է, քան զգացմունքային պոռթկումները. իրականացվում է բացահայտ հակահայկական քաղաքականություն՝ Բաքվի և Անկարայի հետ լիակատար համաձայնությամբ։ Այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության ոլորտում։
Շուշին տվյալ դեպքում միայն ամենավառ ինդիկատորն է, յուրօրինակ լակմուս, հաշվի առնելով քաղաքի բացառիկ նշանակությունը հայկական և տարածաշրջանային պատմության մեջ։ Փաշինյանի ու ընկերախմբի պետքը չէ Շուշին, ճիշտ այնպես, ինչպես որ նրանց պետքը չէ ամեն իսկական հայկականը։ Եվ դա է նրանց միակ տարբերությունը հենց նույն Ալիևից ու Էրդողանից, որոնք գերազանց հասկանում են թե՛ Շուշիի, թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես Հայաստանի նշանակալիությունը։