ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 15 ՏՈԿՈՍՈՎ Է ՕԳՏՎԵԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔԻՑ. Ի՞ՆՉՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից որոշակի թվով ընկերություններ ու մասնագետներ մի շարք դժվարությունների պատճառով, այդ թվում՝ պատժամիջոցային պատերազմի հետ կապված, լքեցին Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը ու տեղափոխվեցին Հայաստան։

Տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանից հեռանալ ցանկացողների աճին նպաստեցին բազմաթիվ ընկերությունների կորուստները՝ հումքի և տարբեր պահեստամասերի ներկրման պատժամիջոցների պատճառով, և ընդհանրապես արտադրության կազմակերպումը։ «Այս ֆոնին Հայաստան մասնագետների հոսք կա»,- ընդգծեց փորձագետը։

Նա նշեց, որ ի սկզբանե այս միտումը լավ հեռանկարներ էր խոստանում մեր երկրին՝ ծառայությունների ոլորտում, այդ թվում՝ զբոսաշրջությունը, շինարարությունը, ֆինանսական և մարդկային կապիտալի ներհոսքը ակտիվացնելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ ապրիլին Հայաստան է տեղափոխվել 50 000 մարդ, բացվել է ավելի քան 20 000 բանկային հաշիվ, գրանցվել է մոտ 1500 ընկերություն։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանին դեռ չի հաջողվում ամբողջությամբ օգտվել ուկրաինական ճգնաժամի հետևանքով ստեղծված հնարավորություններից։ Դրա համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։

Օբյեկտիվ պատճառը, ըստ նրա, այն է, որ եթե Հայաստանը գրավիչ պայմաններ ստեղծի ռուսական կապիտալի և ռուս քաղաքացիների համար, ապա կհայտնվի երկրորդական պատժամիջոցների տակ, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ համագործակցող և պատժամիջոցները շրջանցելու համար նրան օգնող երկրներին պատժելուն։

«Հայաստանն այս հարցում լուրջ այլընտրանք չունի։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ երկիրը չունի մարդկային հոսքերի և մարդկային ռեսուրսների կառավարման փորձ, չկա աջակցության համապատասխան ծրագիր իրականացնելու փորձ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները բացառություն չեն։ Այս թերությունը թույլ չի տալիս լիարժեք օգտվել ստեղծված հնարավորություններից։

Հայաստանի տնտեսությունում գործընթացները զարգանում են ինձ համար կանխատեսված ձևով։ Տարեսկզբից նկատվում է վերականգնման աճ՝ կար կորոնավիրուսի ազդեցությունը, պատերազմի, ավելի ճիշտ՝ պարտության լուրջ ազդեցությունը, քանի որ այն լրացուցիչ էֆեկտներ է ստեղծում։

Ուկրաինական ճգնաժամը և դրա շուրջ զարգացած աշխարհաքաղաքական գործընթացները սկզբնական շրջանում դրական ազդեցություն ունեցան Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանից և այլ երկրներից մեզ մոտ եկան բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց կապիտալով։ Իրավիճակը դրական կարելի է անվանել, սակայն միայն տարվա առաջին ամիսների ցուցանիշները հաշվի առնելով։ Կարելի է ենթադրել, որ տնտեսական աճը տարվա երկրորդ կիսամյակում, ավելի ստույգ սեպտեմբերից, կդանդաղի։ Բացառված չէ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամ սկսվի, ինչի մասին զգուշացնում են միջազգային փորձագետները։

Կենտրոնական բանկի, ԱՄՀ-ի և այլ ֆինանսական կառույցների գնահատականներով՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կդանդաղի, և տարեկան ցուցանիշը կկազմի 1 տոկոս։ Սա վկայում է այն մասին, որ այդ ցուցանիշը 4 տոկոսով ցածր կլինի ուկրաինական ճգնաժամի մեկնարկից առաջ սպասվածից։ Վիճակն ավելի կխորանա»,- ասաց Միքայելյանը։

Կարեն Ադոնցը կարծում է, որ մասնագետների հոսքին զուգահեռ պետությունը պետք է զբաղվի տնտեսության կառուցվածքային փոփոխություններով և ընդլայնի այն 5 ոլորտները (գյուղատնտեսություն, վերամշակում, խտանյութերի արտադրություն, զբոսաշրջություն, ՏՏ), որոնց վրա հենվում է երկրի տնտեսությունը։

«Մյուս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ներկայումս Հայաստանում չկան, բայց նրանք պատրաստ են հեռանալ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից և փնտրում են այնպիսի վայրեր, որտեղ կարող են աշխատել և ինքնադրսևորվել»,- ասաց նա։

Հատկապես մեծ էր ՏՏ ոլորտի մասնագետների հոսքը՝ այս ոլորտում կադրերի պակաս նկատվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում, ոլորտի ներկայացուցիչների կարծիքով, այս դեֆիցիտը գերազանցում է 4000-ը։ Այդ իսկ պատճառով այն նախագծերը, որոնք հնարավոր կլիներ իրականացնել Հայաստանում, գնում են այլ երկրներ։

Տնտեսագետը վստահ է, որ նույն ՏՏ ոլորտի ռուս մասնագետները իրավիճակը փոխվելու դեպքում Հայաստանից կհեռանան նույնիսկ այն ոլորտի արդյունավետ կառավարման բացակայության պատճառով, որը քիչ թե շատ զարգացած է։ «Բայց նրանցից բացի, կան ինժեներներ, կոնստրուկտորներ, ավելի բարձր դասի մասնագետներ, որոնք Հայաստան չեն գալիս, քանի որ այդ ոլորտներն այստեղ չկան։

Հարկավոր էր արտադրական գոտիներ կազմակերպել և կապ հաստատել շուկայի հետ, ինչը թույլ կտար այժմ մասնագետներ ներգրավել Հայաստան և լրջորեն զարգացնել տնտեսության տարբեր ոլորտները։ Սակայն այս ամենը թողնված է ինքնահոսի, նկատելի չէ Կառավարության հավակնոտ գործունեություն, որը պետք է գրագետ բաշխի ռեսուրսները հանուն զարգացման։ Հայեցակարգի ու ծրագրի բացակայության ֆոնին միայն «վինեգրետ» է դիտարկվում։

Կարևոր դեր կխաղար կապիտալի շուկայի ազատականացումը, կոոպերացիայի ներկայումս խիստ սահմանափակ հնարավորությունների ընդլայնումը։ Այժմ յուրաքանչյուրն անհատական կարգով փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է կապել իր նախկին շուկան ներկայիս լոկացիայի հետ:

Մենք օգտվեցինք ստեղծված բոլոր հնարավորություններից առավելագույնը 5 տոկոսից, սրան կարելի է ավելացնել ևս 10 տոկոս՝ արտասահմանցի մասնագետների ներհոսքի հաշվին, լուրջ արդյունավետություն ակնկալել չի կարելի։ Մյուս ոլորտներում մենք ընդհանրապես ամեն ինչ ենք կորցրել։

Մարդկանց հոսքը Հայաստան քիչ ազդեցություն կունենա տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա։ Կապիտալի և ներդրումների ներհոսքը, որը հանգեցնում է դրամի արժևորման, կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։ Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա հնարավոր է տնտեսական աճի տեմպի մի փոքր աճ՝ համեմատած նրա հետ, ինչ եղել է մինչև 2022 թվականի փետրվարը։

Բայց այս ամենը ընթացիկ գործընթացներ են, որոնք ընդհանուր ոչինչ չունեն զարգացման հետ»,- հավելեց Ադոնցը։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանը շուկա նոր ընկերություններ ներգրավելու և նոր խնդիրներ ու մարտահրավերներ լուծելու խնդիր չունի և պատրաստ է աջակցել նոր նախաձեռնություններին, նպաստել դրանց զարգացմանը։

Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունել հազարավոր տնտեսվարող նոր սուբյեկտների։

Ինչ վերաբերում է իրավիճակի փոփոխությունից հետո ընկերությունների և մասնագետների հնարավոր արտահոսքի մասին կարծիքին, ապա բիզնեսը, պաշտոնյայի համոզմամբ, ունի լավ բնազդ և կայացած զարգացման ռազմավարություն, հատկապես այն գործարարները, որոնք գնում են տարածքային փոփոխությունների (ռելոկացիայի)։

«Հայաստան տեղափոխվող ընկերությունները դեռ երկար կաշխատեն Հայաստանում, քանի որ Կառավարությունն առավելագույն աջակցություն է ցուցաբերում նրանց։ Էկոհամակարգը և միջավայրը թույլ են տալիս ընկերություններին մնալ մեր երկրում և զարգանալ: Մենք չենք ցանկանում դիրքավորվել որպես մի երկիր, որը փորձում է օգտվել այս կամ այն իրավիճակից, մենք գիտելիքատար տնտեսություն զարգացնելու ռազմավարությամբ ենք գնում։ Հայաստանը հիանալի վայր է ներդրումների համար»,- ընդգծեց Արզումանյանը։

News.am