«Ժողովուրդ». ՍՈՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագին և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին:
Զոհված կնոջ հարազատները մտահոգություն են հայտնել Սոնայի մահվան քրեական գործով իրավապահների գործողություններից: Պարզվում է՝ գործով մեղադրյալը մինչ օրս կալանավորված չէ:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։ «Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում։ «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար», - մեզ հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։