«Փաստ». ՓՈՐՁԵԼ ԵՆ «ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ԵՎ «ԿՈՏՐԵԼ» ՆԱԵՎ ՏԵԼԵԳՐԱՄՅԱՆ ՈՒ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊՐՈՖԻԼՆԵՐԸ
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները միշտ էլ երկիրը «կառավարել» են սոցցանցերի միջոցով, ուստի բնական է, որ սոցցանցերն ու մեդիահարթակը նրանց համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Այս դաշտը ՔՊ-ականների համար ամեն ինչից վեր է: Հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են իրենց համար այս կենսական, կարևորագույն, աննկարագրելի կարևոր «դաշտում» հնարավոր բոլոր մեթոդներով, ինչպես իշխանական սատելիտներն են սիրում ասել, հեգեմոն դիրք ունենալ, փակուղի մտցնել ու «հաղթել» ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում իշխանությունները բավական լուրջ են տրամադրված և սոցցանցերում ակտիվ հատվածի յուրաքանչյուր գրառում անմիջապես ֆիքսում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեդիահարթակների հարցերով զբաղվող բլոկի առաջ հստակ խնդիր է դրված սոցցանցերում որոշակի բալանսավորում ապահովել։ Վիրտուալ տիրույթում կոշտ քննադատող և ակտիվ տիրաժավորվող օգտատերերի էջերը վերջին շրջանում անհասկանալի հիմնավորումներով միանգամից բլոկվում են, ի դեպ՝ բավական երկար ժամանակով։
Թերթի տեղեկություններով, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում փորձել են «մուտք գործել» ընդդիմադիր մի շարք գործիչների համակարգիչներ։ Ավելին, փորձել են «կոտրել» նաև ընդդիմադիր դաշտում մշտապես քննադատություն իրականացնող գործիչների, այդ թվում նաև պատգամավորների տելեգրամյան ու ֆեյսբուքյան պրոֆիլները: Ի դեպ, դա փորձել են անել բավական բարձր պրոֆեսիոնալությամբ, ինչը վկայում է այն մասին, որ «թեմայի մեջ» բարձրակարգ մասնագետներ են ներառված»։