Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ» ՄԵՆԱՇՆՈՐՀ Է ՍՏԱՑԵԼ, ՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԲԱԺԻՆ ՈՒՆԵՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ

Արցախում կապ ապահովող միակ օպերատորը կրկին դարձել է «Ղարաբաղ Տելեկոմը», որում, ըստ որոշ տեղեկությունների, մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պատերազմի ժամանակ պարզվեց, որ «Ղարաբաղ տելեկոմը» տեխնիկապես պաշտպանված չէ և շատ արագ շարքից դուրս եկավ: VivaCell MTS-ն այդ պահին, կարելի է ասել՝ փրկեց մեզ և պաշտպանեց մեր կապն արտաքին աշխարհի հետ: Հուլիսի 1-ից, սակայն, VivaCell MTS-ը դուրս է եկել Արցախից և գործում է ռոումինգի ձևով: Արցախի նախագահի պարզաբանմամբ՝ օպերատորին առաջարկվել է լիցենզավորվել և օրինական դաշտ մտնել, սակայն հրաժարվել են: Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ես չեմ կարող հերքել կամ հաստատել, որովհետև մենք այդպիսի հայտարարություններ շատ ենք լսել, որոնք իրականությանը չեն համապատասխանել: Պատգամավորներով հարցում ենք արել ենք օպերատորին, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ «Ղարաբաղ տելեկոմը» այժմ կրկին մենաշնորհային դիրք է ստացել Արցախում, ինչպես պատերազմից առաջ էր:

«Օպերատորի սեփականատերերը փոխվել են, և Արցախում լուրեր են պտտվում, որ «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչի շնորհիվ են կարողացել են հեշտությամբ մենաշնորհային դիրք գրավել: Կա նաև երրորդ բաժնետեր, որը բիզնեսմեն է: Այս օպերատորը վերցրել է ամբողջ դաշտը, մեծ է շահույթ է ստանում, բայց փոխարենը մատուցում է շատ վատ կապ: Առհասարակ, պատերազմից հետո Արցախը շատերի համար ուղղակի դարձել է բիզնեսի վայր, որտեղ հանգիստ կարելի է մենաշնորհային դիրք գրավել, և սա էլ այդ դեպքերից է»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

 Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակի և նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

News.am