Նուբար Աֆեյանը ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր է դարձել

«Flagship Pioneering» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն, «Moderna» դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հուլիսի 7-ին արժանացել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

Նա շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը և ԵՊՀ-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ Նուբար Աֆեյանը շոշափելի ավանդ կներդնի Հայաստանում գիտության զարգացման գործում, ինչին, նրա խոսքով, կնպաստի նաև գիտության և կրթության ֆինանսավորման էական ավելացումը։ «Այդ փոփոխությունները պետք է գիտությունը երիտասարդության համար ավելի հրապուրիչ դարձնեն»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ Աֆեյանը ԱՄՆ-ում կենսատեխնոլոգիաների և բժշկական-կենսաբանական գիտությունների ոլորտի առաջատար գործարարներից է։ Նրա ղեկավարած ընկերություններից մեկը հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ «Moderna»-ի արտադրմամբ։

Կրթությունը զարգացման լոկոմոտիվն է

Աֆեյանը ԵՊՀ-ում ունեցած ելույթում նշել է նաև կրթության ոլորտի կարևորությունը երկրի զարգացման գործում։ «Այն պետք է լինի անկյունաքարը, նրանից պետք է բխի ամեն ինչ»,- վստահություն է հայտնել գործարար։ Նրա գնահատմամբ՝ աշխարհում չկա որևէ երկիր, որը կմտածեր, որ բավականաչափ ռեսուրսներ է հատկացնում կրթությանը։ «Առաջին հերթին, անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները և զարգացնել տնտեսությունն այդ ռեսուրսների ավելացման համար։ Բացի այդ, պետք է հավատալ հաջողությանը»,- ասել է Աֆեյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ ապագայի ներուժը կրթության մեջ է։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի կառավարությանը ներկայացնել մեր քննադատությունը կրթության ոլորտի վերաբերյալ։ Կարևոր է մասնագետների ներգրավումը։ Բացի այդ, առանց համագործակցության և կոոպերացման մենք կարող ենք հայտնվել այն երկրների վիճակում, որոնք ռեսուրսներ չունեն և չեն զարգանում։ Մենք մշտապես քննադատում ենք ուրիշներին, բայց կարևոր է սկսել մեզանից»,- ընդգծել է Աֆեյանը։

Ապագայի նախագիծը

Աֆեյանը տեղեկացրել է, որ «The FUTURE ARMENIAN» հանրային նախաձեռնության ծրագրի ավելի վաղ ընդունված 15 կետերի վերաբերյալ նախատեսվում է հայերի, այդ թվում սփյուռքահայերի ջանքերի միատեղման աշխատանք կատարել և սկսել ապագային միտված նախագծերի մշակումը։

15 կետերի մեջ են մտնում ապագա Հայաստանի համատեղ պլանավորման, Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգի և անվտանգության ավելի արդյունավետ համակարգի ստեղծման, պատմական Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև պատասխանատվության ընդունման գաղափարները, Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և նրա իրավավիճակի սահմանման երաշխիքները, երկրի ղեկավարության կողմից հիմնավորված որոշումների կայացումը և այլն։

«Պատերազմից հետո միջնորդավորված ձևով ակտիվորեն մասնակցում ենք Ղարաբաղի վերականգնմանը։ Վերջին ժամանակներս այնտեղ մասնագետների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ ընթացիկ դժվարությունների հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է գործարարը։

News.am