Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ԵՎ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ԲՅՈՒՋԵ

Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Այս մասին շատ եմ խոսել: Վերջին օրերին մամուլում նկատեցի, որ կրկին ՔՊ պատգամավորները պարգևավճարներ են ստացել: Լրատվականը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ԱԺ նախագահի կարգադրության մեջ գրված պատգամավորներին, բայց աշխատակազմը պարգևատրել է միայն ՔՊ պատգամավորներին:

Պատճառն այն է, որ ԱԺ նախագահի կարգադրությունն ունի նաև հավելված, որտեղ թվարկված են պարգևատրվող պատգամավորների անունները, որը, սակայն, ԱԺ ղեկավարությունն ապօրինաբար չի հրապարակում:

Օրենսդրության համաձայն՝ այդ կարգադրությունն ուժի մեջ է մտնում միայն դրա ամբողջական հրապարակումից հետո և որից հետո է միայն թույլատրվում կատարել պարգևավճարների փոխանցումը: Այս իշխանության ամբողջ ժամանակահատվածում այդ հավելվածները չեն հրապարակվել, ուստի՝ պարգևատրման կարգադրություններն ուժի մեջ չեն մտել, հետևաբար, չէր կարող կատարվել պարգևավճարների փոխանցում:

Այս իշխանության հեռացումից հետո (երբ էլ դա լինի) նոր իշխանությունը պարտավոր կլինի նաև ընթացք տալ այս ապօրինությանն ու ամբողջությամբ վերականգնել պետության բյուջեից յուրացված մասը», - գրել է Բաբայանը։

Aysor.am