Շնորհակալ եմ, որ եկել եք. Սերժ Սարգսյանը՝ իր համակիրներին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական նիստին նախատեսված էր վկաների հարցաքննությունը, սակայն վկաներից որևէ մեկը չէր ներկայացել դատարան: Հիշեցնենք, որ նախորդ նիստին վկաները նույնպես չէին ներկայացել։

Դատավորը հիշեցրեց, որ վկաներից Սևան Քոչարյանի նախորդ դատական նիստին չէր ներկայացել և այս նիստին ոստիկանության միջոցով պետք է բերման ենթարկվեր։

«Դատարանի որոշումը փաստացի չի կատարվել, պատճառների մասին տեղեկություն չունենք», - ասաց Վահե Միսակյանը։

Վկաներից մյուսը՝ Եղիշե Վարդանյանը, Հայաստանում չէ։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին։

Դատարանի բակում հավաքվել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համակիրները։

«Շնորհակալ եմ, որ եկել եք», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Միշտ կգանք, բայց թող վերջանա այս գործը», - արձագանքեց ներկաներից մեկը:

«Միշտ…հո ամբողջ կյանքում չե՞ք գալու»,- ասաց Սերժ Սարգյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ ապրիլի 9-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։

Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ հունիսի 25-ից մինչև 2015թ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Panorama.am