Ասպրամ ԿՐՊԵՅԱՆ․ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՏՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՈՒՆ
Աղավնոյի ղեակավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրույցում վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ շարունակելու Բերձորի, Աղավնոյի և թշնամու օկուպացրած բոլոր մյուս հայկական տարածքների համար մղվող սրբազան պայքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սույն թվականի հուլիսի 4-5-ը այցով գտնվում էի Արցախի և Սյունիքի տարբեր բնակավայրերում:
Առաջին կանգառը Գորիս քաղաքն էր, որտեղ կարճ, բայց հետաքրիր հանդիպում ունեցա ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի՝ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակում, Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ և Հայաստանի պատանեկան միության հետ համագործակցությամբ երկշաբաթյա պատանեկան ճամբարի մասնակիցների հետ:
Հաջորդ կանգառն Աղավնոն էր, որտեղ մեզ դիմավորեց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ Քննարկեցինք համայնքին սպառնացող անվտանգային մի շարք հարցեր, տեղեկացա վերջին շրջանում Բերձորի շուրջ ծավալվող հակահայ զարգացումներին: Վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ շարունակելու Բերձորի, Աղավնոյի և թշնամու օկուպացրած բոլոր մյուս հայկական տարածքների համար մղվող ՍՐԲԱԶԱՆ պայքարը:
Հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, արդեն Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում էի: Խորհրդանշական էր ՀՀ Սահմանադրության օրը գտնվել Նռնաձորում՝ մի վայրում, որտեղ Մայր օրենքի կոպտագույն ոտնահարմամբ գոյութենական սպառնալիք է ստեղծվել հայ բնակչության համար։
Նռնաձորում այժմ բնակվում են նաև 1991 թ․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանից «Օղակ» պետական-ահաբեկչական գործողության հետևանքով բռնագաղթի ենթարկված հայեր և նրանց՝ արդեն Նռնաձորում ծնված սերունդները։ Նրանք այսօր կանգնած են կրկնակի բռնագաղթի սպառնալիքի առաջ։
Աղավնոն, Նռնաձորը և դավադիր պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած մյուս բնակավայերը պիտի լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Այնտեղ ապրող արժանապատիվ հայերն ամեն օր գործով են ապացուցում իրենց նվիրումն առ ՀԱՅՐԵՆԻՔ:
Չափազանց կարևորում եմ մարզային այցերն ու սիրելի հայրենակիցներիս հետ հանդիպումները: «Դիմադրություն» շարժման հաջորդ փուլի անկյունաքարային ուղղություններից մեկն էլ հենց ապակենտրոն ու թիրախային պայքարն է: Պայքարի մանդատ ստացածներիս՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատագամավորներիս, ամենակարևոր առաքելությունն է լինել մեր հայրենակիցների կողքին՝ նրանց ձայնը լսելի դարձնելու և իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար:
Հայաստանն ու Արցախն օկուպացրած #հակաՀայաաստան-ի հակահայ, հայասպան ներքին և արտաքին քաղաքականության պայմաններում #դիմադրություն-ը պետք է մտնի յուրաքանչյուր տուն, ընտանիք ու համայնք:
Սա՛ է #հակաՀայաստան-ին հաղթելու միակ միջոցը: Միասնաբա՛ր ենք կերտելու մեր բոլորի երազանքների #ՀավերժականՀայաստան-ը»: