Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԶՈՒ-Ի ՎԵՐՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՆ Է
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ի պաշտոնե Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելու բուն նպատակը ԶՈւ-ի՝ բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության և ԱԻՆ-ի որոշ ստորաբաժանումների վերհսկողությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելն է՝ Սուրեն Պապիկյանի միջոցով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Ավելին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտարարեց, որ զինված ուժերը պետք է ենթարկվեն իրեն և Նիկոլ Փաշինյանին։ Բայց, ըստ գործող Սահմանադրության, Փաշինյանը ԶՈՒ-ի վրա իշխանություն ունի միայն պատերազմի ժամանակ։
Եվ այսպես, օրենքում փոփոխության նպատակն ուժային կառույցի իշխանության կենտրոնացումն է մեկ անձի ձեռքում։
Իսկ ինչո՞ւ հիմա այդպիսի որոշում կայացվեց. որովհետև իշխանական բուրգը որոշակի առումով փլուզված է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ավելի ցածր է, քան հակավարկանիշը, և մոտ ժամանակներս Հայաստանը որոշակի զիջոմներ է անելու Ադրբեջանին և Թուրքիային։
Տեսականորեն չի բացառվում, որ այդ զիջումների արձանգանքը լինի փողոցային լուրջ պայքարը։ Եվ եթե ուժային կառույցները հրաժարվեն բիրտ ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, ապա ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ուղղակիորեն կկատարի նախարարի հրամանները։ Ամբողջ զինված ուժերն այս պահից, փաստորեն, անցնում են Սուրեն Պապիկյանի հսկողության և կառավարման տակ»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ ՊՆ-ում վերոնշյալ փոփոխության առնչությամբ նախարար Պապիկյանը մի քանի հիմնավորում է ներկայացնում՝ վերջում չմոռանալով հավելել, որ ժողովուրդն իրենց «վստահության քվե» է տվել։
«Երբ Նիկոլ Փաշինյանը դժվարին կացության մեջ է լինում և ամենատարբեր հարցերում հիմնավորումներ չի տալիս, ամեն ինչ, ինչպես ասում են, «գցում է ժողովրդի գրպանը»։
ԳՇ պետին ի պաշտոնե Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելու մասին, ի զարմանս ինձ, շատ անկեղծ խոսել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ հիմնավորում էր, որ այս փոփոխությունն առաջին հերթին կոռուպցիայի դեմ է։
Ըստ նրա՝ գնումները պետք է արվեն միայն ՊՆ-ի կողմից և ոչ՝ Գլխավոր շտաբի, ինչպես մինչ այդ եղել է։
Կարելի է ասել՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխության նպատակներից երկրորդն էլ այն է, որ պաշտպանական ծախսերի համար հատկացվող գումարն ամբողջությամբ տնօրինի պաշտպանության նախարարը»,- ասաց մեր զրուցակիցը։
Aysor.am