«Հայաստան»․ Այս իրականությունը մեր դատավճիռը չէ, մենք դուրս ենք գալու էս վիճակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս իրականությունը մեր դատավճիռը չէ, նոյեմբերի 9–ի հայտարարությունը դատավճիռ չէ, էս վիճակը հավերժ չէ, մենք դուրս ենք գալու էս վիճակից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Ես ձեզ հիմա զեկուցում եմ, որ այս ընթացքում տարբեր աշխատանքներ են տարվում, որոնց մեծ մասը չի երևում, բայց մի բանում տեղեկացված եղեք՝ այս իշխանությունները, Թուրքիան, Ադրբեջանը, որոնք մեզ ռևանշիստ են անվանում, անհանգստացած են, որովհետև ճիշտ է, որ անհանգստանան, պետք է վախենան, որովհետև ժողովրդի իշխանությունը գալու է մաքրի էս վիճակը, էս պարադիգման չի լինելու, նոր վիճակ է լինելու ու դա մեր սրբազան պայքարով է լինելու»,– ասաց Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը խոսելով «առանց Նիկոլ Հայաստանի» մասին, ասաց, թե երբ Փաշինյանը չլինի իշխանության, երկնիշ տնտեսական աճը, անվտանգությունը, արդարությունը, պետական կառավարման համակարգում պրոֆեսիոնալների ներգրավումը, աղքատության կրճատումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը, գնաճը զսպելը, ոչ թե խոստում պետք է լինի, այլ իրականություն։
«Մեր հասարակությունը արժանի է նման իրականության, էս վիճակը չէ մեր դեմքը, Նիկոլով Հայաստանը չէ մեր իրականությունը»,– շեշտեց Վարդևանյանը։
News.am