ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն, և մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինայում ընթացող պատերազմն ազդել Հարավային Կովկասում դիվանագիտական զարգացումների վրա, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար»,- ընդգծել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանը բազմիցս հաստատել է տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատելու և խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ «Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»,- հայտարարել է Միրզոյանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.այստեղ, իհարկե, կարելի է հիշել Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ազդարարելով «խաղաղության դարաշրջանի» գալուստը՝ մենք պետք է զինվենք համբերությամբ, և թե՝ հարևանների պահվածքից անկախ, Հայաստանը չի շեղվի այդ դարաշրջան տանող ճանապարհից։ Հիմա, դատելով ամենից, հայկական իշխանության նյարդերը տեղի են տալիս, և վերջապես նրա ուղեղին էլ է հասել, որ տարածաշրջանում «միակողմանի» խաղաղություն ձևավորելն ուղղակի անհնար է։ Թե տևական կլինի արդյոք նման «գիտակցումը»՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ առայժմ արժե ուշադրություն դարձնել Միրզոյանի հույսերին՝ Ադրբեջանի ապակայունացնող և սադրիչ շարժումները կանխելու ուղղությամբ միջազգային հանրության քայլերի նկատմամբ։

Թե կոնկրետ ում նկատի ունի Հայաստանի արտգործնախարարը «միջազգային հանրություն» ձևակերպումով, դժվար է ասել։ Փոխարենը հայտնի է, թե ով ունի Բաքվի դիրքորոշման վրա ազդելու, ադրբեջանական սադրիչ գործողությունները կանխելու իրական հնարավորություն, իրական մեխանիզմներ։ Դա, անշուշտ, Անկարան է։ Եվ ահա, հունական մամուլի համար Արարատ Միրզոյանի կողմից առողջ ու արդար գաղափարների ճամարտակումից մի քանի օր առաջ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները չորրորդ անգամ հանդիպում են Վիեննայում։ Ընդ որում այս անգամ հանդիպումն ավարտվում է կոնկրետ պայմանավորվածություններով։ Թվում էր, թե այդ հանդիպման առանցքային թեման պետք է դառնային այն հարցերը, որոնք բարձրացնում է Միրզոյանը Բաքվի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ։ Դե, նախ՝ հայ-թուրքական երկխոսությունը պատկերանում է որպես տարածաշրջանային այն խաղաղության տարր, որին ակնհայտորեն խանգարում է Բաքուն։ Երկրորդ՝ թուրքական կողմը մշտապես ընդգծում է, որ հայ-թուրքական օրակարգի կարևոր մասը հայ-ադրբեջանական գործընթացն է։ Այսպիսով, Երևանը Անկարայի հետ երկխոսության մեջ բոլոր հիմքերն ունի իր բողոքը հայտնելու Բաքվի ագրեսիվ գործողությունների դեմ։ Հարց է առաջանում. ինչո՞ւ են միրզոյանական այդ գանգատները, փաստորեն ապարդյուն, հասցեագրվում վերացական միջազգային հանրությանը, երբ կարելի է անմիջականորեն բարձրացնել հարցը կոնկրետ Անկարայի առջև։

Հույն լրագրողի հետ զրույցում Միրզոյանն արդարացիորեն խոսում է այն մասին, որ հայ-ադրբեջանական գործընթացը «շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։ Ամեն ինչ ճիշտ է։ Բայց ինչո՞ւ Երևանն այդ ամենը չի ասում Անկարային, ինչո՞ւ հենց նրան չի հասցեագրում Բաքվին սանձելու կոչը։ Համարձակությունը չի՞ հերիքում հայ-թուրքական երկխոսությունում արձանագրելու հայկական շահերն ու դժգոհությունները։

Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ավստրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում որոշակի շրջանակներ չեն ցանկանում խաղաղություն տարածաշրջանում։ Նա նկատի ուներ հայկական ընդդիմությանը։ Արարատ Միրզոյանը համարում է, որ Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է խանգարում դրան։ Բայց ... Միրզոյանը հո չի հակաճառելու Չավուշօղլուին։ Նույն հանդիպման ժամանակ Չավուշօղլուն ընդգծում է, որ «Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում և համակարգում է իր գործողություններն Ադրբեջանի հետ»: Փաստորեն, այն, ինչից գանգատվում է Արարատ Միրզոյանը հույն լրագրողին, Ադրբեջանը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Մինչդեռ Բաքվի ապակառուցողական դիրքորոշման դեմ իր բողոքը Անկարային գոնե հայտնելու փոխարեն, Երևանը պայմանավորվում է նրա (Անկարայի) հետ այն հարցերի շուրջ, որոնցում հայկական կողմի շահ, մեղմ ասած, չի նշմարվում։

Հաշվի առնելով վերը թվարկված ամենը՝ հիմնավորված հարց է ծագում. միջազգային հանրության այդ ի՞նչ արձագանք է ակնկալում Երևանը։ Ի՞նչ գործուն քայլեր կարող է ձեռնարկել այդ հանրությունը՝ փորձելով սանձել Բաքվին, եթե հայկական կողմն ինքը նույնիսկ չի էլ փորձում համապատասխան կոչով դիմել ճիշտ՝ թուրքական հասցեով։