ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ-Ն ԽԱԲՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՊԱՐԱՑՆՈՒՄ Է ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Դեռևս փետրվարի 24-ին, երբ դրամը դեռ չէր արժևորվել, մենք ասացինք, որ պատերազմը կարճաժամկետ հատվածում օգուտներ կարող է տալ Հայաստանի տնտեսությանը, որ մեզ մոտ կգան ռուսներ, որոնք կբերեն փող, երկրորդը, Ռուսաստանը սկսելու է գազն ու նավթը վաճառել ռուբլով և այդտեղ մենք ներից կշահենք: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արդյունքում միայն առաջին 4 ամսում Հայաստանում ռուսների բերած փողի և այն տնտեսման հաշվին, որ մենք սկսեցինք ռուբլով վճարել, չէ որ մենք ունեինք ռուբլու ավելցուկ, իսկ դոլարը քիչ էր, մենք մեկ մլրդ դոլարի ավել ստացանք, քան ստանում էինք: Դա հանգեցրեց դրամի արժևորման: Դա ցավալի բան է ԿԲ-ի ոչ ադեկվատ գործողության պատճառով»,-ասաց նա:

Բագրատյանը նկատեց, որ դրամի արժևորումը երկար չի շարունակվի, դա մեկանգամյա երևույթ է, պատերազմի ավարտից հետո աստիճանաբար այդ էֆեկտը կանհետանա. «Հիմա մեր տնտեսությունը մի փոքր աճ է ապահովում, դա էժան, սպեկուլյատիվ աճ է: Ավոտներ ենք բերում, տանում ռուսաստանում վաճառում, ռուսներ են եկել, ռեստորանները շատ են հաց տալիս, այդտեղ մի քիչ աճ կա: Բայց դա սպեկուլյատիվ աճ է, որը կնստի, երբ պատերազմը վերջանա, կամ էլ ռուսներն իրենց ճարը կտեսնեն: Օրերս Պուտինն ասում էր՝ ժամանակն է վերադառնալ Ռուսաստան: Իհարկե, պատժամիջոցները Ռուսաստանից չեն հանվի առաջիկա 10-15 տարում, բայց կթուլացվեն այնքան, որ հնարավոր կլինի Ռուսաստանից տնտեսական գործունեություն ծավալել»,-ընդգծեց նախկին վարչապետը:

Նա համոզմունք հայտնեց, որ Կբ-ն կարող էր զսպել դրամի արժևորումը, սակայն դա չի արել. «ԿԲ-ն պետք է շրջանառությունից հաներ այդ մեկ մլրդ լրացուցիչ դոլարը, կարճ փողը դարձներ երկար փող: Այդ փողը պետք է փոխանցվեր ներդրումների վրա: ԿԲ-ն դա չի անում, որովհետև ԿԲ նախագահը երբ ելույթ ունեցավ, պարզ դարձավ, որ այդ մարդը կարծես մեզ ասեր՝ ես ոչինչ չգիտեմ, ես գնացել եմ մի քանի ամիս արտասահմանում, ԱՄՆ-ում բանկային գործ եմ սովորել, այնտեղ չեն սովորեցնում տրամաբանություն, սովորեցնում են մեխանիկական այն, ինչը կուզենային, որ մենք այստեղ անեինք, ես դա եմ անում: Հիմա տրանսֆերտների հաշվին, Ռուսաստանի փողերի հաշվին ես կայունացնում եմ դրամը և գնաճը Հայաստանում: Դա վատագույն լուծումն է, որի արդյունքում մենք պարենային ապրանքների գծով 6 ամսում ունենք 13-14 տոկոս աճ, դոլարային գներով՝ 40 տոկոս: Սա այն դեպքում, երբ թոշակը մեկ դրամով անգամ չի բարձրացել: Մենք սրանով մեր թոշկառուներին դատապարտում ենք գոյություն քարշ տալու, անգամ մահվան: Վերջին 20-25 տարում նրանք երբեք այսքան վատ չեն ապրել»:

Հարցին, թե այդ ինչպես է լինում, որ դրամի արժևորման ֆոնին գները շարունակում են բարրանալ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Գնաճը շարունակվում է, որովհետև իրենք ունեն կեղծ աճ, բայց չունենք արտադրություն: Գնաճը միայն մոնետար երևույթ չէ: Նաև այդ արտադրությունը, այդ ծավալները չկան: Մյուս կողմից, այո, պահանջարկը մեծացել է, որովհետև այստեղ մի քանի տասնյակ հազար լրացուցիչ սպառողներ են եկել Ռուսաստանից: Բայց ԿԲ-ն ունի առնվազն 4 գործիք, որ միաժամանակ կարող էր դրամը գնել, բայց ոչ թե թույլ տար, որ էլ ավելի խորանար գնաճը, այլ որ գնաճ չլիներ: Ես այդ 4-ից մեկն եմ ասում որպես օգնություն, որովհետև էս երկրում ուրիշ ոչ ոք իր վրա նման պատասխանատվություն չի վերցնում: Ես ներկայացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ԿԲ-ի քաղաքականությունը, և դա տարբերվում է Ամերիկայի ԿԲ-ի նախագահի քաղաքականությունից: Մասնավորապես մի բան ասեմ, երբ որ դրամի արժևորման միտումներ են հայտնվում, լրացուցիչ նարտարժույթ է գալիս ժամանակավոր, պետք է մեծացնել էկոնոմիկայի դոլարիզացիան: Երբ դրամն սկսում է արժեզրկվել, պետք է փոքրացնել էկոնոմիկայի դոլարիզացիան: Սրանք մտքեր են, որոնց անհաղորդ է ԿԲ-ի այսօրվա ղեկավարությունը: ԿԲ նախագահն այս ամենը չգիտի, նա չի պատկերացնում՝ ինչ է Կենտրոնական բանկը»:

Անդրադառնալով հնչող տեսակետին, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո հնարավոր է՝ Հայաստանը վերադառնա 2019-ի իրավիճակին, Բագրատյանն ասաց. «Այն ժամանակ էլ Տիգրան Սարգսյանն առանց հիմք ունենալու փոխարժեքը 600-ից դարձրեց 300 դրամ՝ ասելով, որ աճում է աշխատանքի արտադրողականությունը, տնտեսությունը, բայց պարզվեց, որ դա տրանսֆերտների արդյունք է: Այդ տրանսֆերտները ճնշում եմ շուկայի վրա; Դա կարճ փող է, որը մենք ստացել ենք, բայց ասենք, ասֆալտագործը ասֆալտը փռել է Ռուսաստանում, փողն ուղարկել է Հայաստան, ասֆալտը, ապրանքը մնացել է Ռուսաստանում, ֆինանսը, փողը եկել է Հայաստան: Ուրեմն ինքը այդ ֆինանսը պետք է ճշտի Հայաստանում առկա ապրանքների վրա: Երբ ԿԲ-ն դա չի անում, դա հանցագործություն է: ԿԲ-ն պետք է ստերիլիզացնի այդ փողը և ուղարկի այլ ոլորտ, որ այն այսօր չկիրառվի, դարձնի երկար փող: Այսինքն ուղղի դեպի ներդրումների ոլորտ»:

Բագրատյանի խոսքով, այսօր Հայաստանի ԿԲ-ն խաբում է կառավարությանը. «Կառավարությունն այսօր ենթարկվում է ԿԲ-ին: Վարչապետին միգուցե թվում է, թե ինքն է ԿԲ-ին կարգադրում: Այսօր ԿԲ-ն պարացնում է Հայաստանի տնտեսությանը»:

Բագրատյանը կարծում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է, որ այսօր դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվում է. «Նրանք նույնիսկ ասում են՝ դա օբյեկտիվ է: Այն ժամանակ էլ ասում էին՝ օբյեկտիվ է, որ փոխարժեքը 600-ից դարձավ 300 դրամ: Բայց հիշո՞ւմ եք, որ 2009-ին դոլարի փոխարժեքը 300-ից միանգամից դարձավ 430-440 դրամ: Հետո մի անգամ էլ 2014-ին դարձավ 500 դրամ: Այդ նույն բանը հիմա տեղի կունենա: Եվ այս աշխուժությունը, որ կա, այս մեքենաները, որ բերում են, տանեն, ծախեն, որովհետև ներմուծումը այս պայմաններում շատ շահավետ է, այդ ակտիվությունը հաջորդ տարի վերջանալու է: 2018-ին մենք ունեցանք շատ համեստ աճ, 2019-ին հաջող էր, 2020-ին տնտեսությունը նստեց: Դրանք սպեկուլյատիվ աճեր են, և դրանք մեկ տարի հետ վերադառնում են նույն վիճակին»,-ընդգծեց Բագրատյանը:

News.am