Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՃԵՂՔ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Նիկոլ Փաշինյանը, արգելելով սփյուռքում Հայաստանի և Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի և սփյուռքի միջև և թուլացնել Հայաստանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան չեն թույլատրել՝ պատճառաբանելով, թե ինքը համարվում է անցանկալի անձ։

«Ես երեկ հասա Երեվան, եվ երբ անձնագիրս ցույց տվեցի, ինձ օդանավակայանի աշխատակիցներն իջեցրին, տարան մի սենյակ՝ ասելով, թե անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Հետո ուղարկեցին ապրանքների փոխանակման հատված։ Ի վերջո, երեքից-չորս ժամ հետո ինձ փոխանցեցին որոշումը, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան՝ անցանկալի անձ եմ և օդանավով պետք է ինձ արտաքսեն Ֆրանսիա։ Ես հարցրի՝ ի՞նչն է պատճառ, ի՞նչ հիմնավորում կա, բայց չեն պատճառաբանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան։ Ինչի՞ հիման վրա կարող է Ֆրանսիայի քաղաքացու մուտքը Հայաստան արգելել։ Կանոններ կան աշխարհում, և որոնք ինքը չի կարող անտեսել։ Հայաստանն իր տունը չէ»,- նշեց Փափազյանը։

Փափազյանի խոսքով՝ նման գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է թուլացնել սփյուռքի օժանդակությունը Հայաստանին։

«Փաշինյանն ընդդիմադիրներին չի ընդունում։ Ինքը եղել է ընդդիմադիր և խոստացել է հաստատել ժողովրդավարություն, սակայն ստել է։ Տեր չի կանգնել հեղափոխության խոստումներին։ Ասաց, որ ժողովրդի հետ պետք է որոշումներ կայացնի, չարեց։ Արցախցիներին ասաց, որ մանդատ չունի Արցախի անունից որոշումներ կայացնելու, ստեց։ Ասաց՝ զորավար պետություն պետք է կառուցենք, պատերազմ եղավ, ծնկի եկանք, ադրբեջանական զորքերը մտան երկիր։ Այսօր հարցն Արցախը չէ, Հայաստանն է, որովհետև Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլ նաև տկարացնում է։ Ամենավտանգավորը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ առջևում սպասվող հարաբերություններն են։ Ճեղքը, որ Փաշինյանը Սինանյանի միջոցով փորձում է առաջացնել սփյուռքի Հայաստանի միջև, շատ վտանգավոր է»,- ընդգծեց նա։

Մուրադ Փափազյանի դիտարկմամբ՝ Նիկոլը Փաշինյանը Երևանում չհանդիպեց Փարիզի քաղաքապետի հետ, քանի որ պատվիրակության կազմում եղել է ինքը։

«Ես Փարիզի քաղաքապետին և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին ասել եմ, որ չեմ ցանկանում ներկա լինել կառավարության հետ հանդիպումներին, որպեսզի չխանգարեմ, որովհետև ես չեմ ընդունում այս կառավարությանը։ Երբ իմացա, որ Փաշինյանը հրաժարվել է հանդիպումից, շատ զարմացա, որովհետև Փարիզի քաղաքապետը պաշտպանում է Հայաստանը և Արցախը, և այդպես չեն վարվում բարեկամների հետ։ Հետո իմացա, որ Փաշինյանը պատժել է Փարիզի քաղաքապետին, որովհետև ես կայի պատվիրակության կազմում, թեպետ հրաժարվել էի հանդիպումից»,- ասաց Փափազյանը։

Փափազյանը նշեց, որ ինքը դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի դեսպանատուն պահանջի պատճառ ներկայացնել իր մուտքը Հայաստան արգելելու համար։

«Ինքը պետք է բացատրի, թե ինչու է Հայ դատի համար երկար տարիներ աշխատած մարդու մուտքն ինչու է արգելում։ Ես պաշտպանել եմ Հայաստանը և Արցախը Ֆրանսիայի բոլոր նախագահների , բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։ Մենք պետք է ճնշում գործադրենք, որ ինքը բացատրության տա։ Ինքն ուզում է իր օրենքները ստեղծել և դրանք հարգել։ Սփյուռքի մեջ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա Փաշինյանի և իր իշխանության դեմ։ Եվ մեծ մոբիլիզացիա կա սփյուռքում»,- հավելեց Փափազյանը։

News.am