Բայդենն ու Լապիդը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, փաստաթուղթը ստացել է «Երուսաղեմի հռչակագիր» անվանումը: Դրանում, մասնավորապես, ընդգծվում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Իսրայելի անվտանգությանը, ինչպես նաև երկու պետությունների համատեղ ձգտումը՝ հակազդելու Իրանին և միջուկային զենք մշակելու նրա ձգտմանը:
Հռչակագրում նաև նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է «համագործակցել այլ գործընկերների հետ ագրեսիայի և Իրանի կողմից ապակայունացնող քայլերին հակազդելու համար, որոնք իրականացվում են անմիջականորեն կամ անուղղակիորեն՝ վերահսկվող ուժերի և ահաբեկչական կազմակերպությունների միջոցով»: Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հաստատում են երկու երկրների միջև անխախտ կապերը»:
Գործակալությունը նշում է, որ Բայդենը չորեքշաբթի ժամանել Է Իսրայել՝ պաշտոնն ստանձնելուց հետո սկսելով առաջին մերձավորարևելյան շրջագայությունը: Հուլիսի 13-16-ը նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:
Armenia today