Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՏԱՊԱԼՄԱՆԸ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը խոսել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ՝ կապված Հայաստանի Հանրապետություն իր մուտքի արգելքի հետ:

Փափազյանի փոխանցմամբ՝ իր տիկնոջ հետ Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանակավակայանում տեղեկացել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է: Ըստ նրա` օդանավակայանում 4 ժամ պահվել է մինչև մուտքի հարցի լուծումը: Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ պարզաբանումներ իրեն չեն տրամադրվել՝ չնայած իր բազմաթիվ խնդրանքներին: Առկա չեն նաև հրապարակային պարզաբանումներ:

«Նման վերաբերմունքը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անընդունելի է և նպաստում է համահայկական համախմբման տապալմանը:

Մուրադ Փափազյանը երկար տարիների գործունեություն է ծավալել միջազգային ատյաններում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում այս հարցերով բազմիցս ենք համագործակցել պարոն Փափազյանի հետ:

Այս դեպքն, այն էլ առանց մարդուն պարզաբանումներ տրամադրելու, ունի նաև համահայկական նշանակություն և կարող է տանել վտանգավոր զարգացումների առ այն, որ ՀՀ պետական մարմինների կողմից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան կարող է կամայական արգելվել: Հարցն արդեն իսկ արժանացել է հանրային քննարկման նաև այս տեսանկյունից:

Ուստի, Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին իր իրավունքները սահմանափակելու վերաբերյալ:

Հաշվի առնելով հայկական տիրույթում հարցի հանրային քննարկումների վտանգավոր ուղղությունները՝ պարզաբանումներ պետք է ներկայացվեն նաև հայ հանրությանը:

Հակառակ դեպքում ստացվում է ստեղծված իրավիճակում Հայաստան մուտքի արգելքը դառնում է իրավունքից դուրս գործող պատժիչ գործառույթ»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է Թաթոյանը:

Aysor.am