ՊԵՏՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի բյուջեի եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24%-ով: Ընդ որում 23,2%-ով ավելացել է գանձարանի մուտքերի ծավալը հարկերի և տուրքերի գծով։ Իսկ դա, ոչ ավելի, ոչ պակաս, 143 մլրդ դրամ է։

Թվում է, թե կառավարությունը լավատեսության առիթ ունի՝ նայելով այդ ցուցանիշներին։ Թեև գործող կառավարությունը առանց առիթի էլ մշտապես լավատեսական տրամադրության մեջ է։ Այդուհանդերձ կցանկանայինք տվյալ համատեքստում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ հիմնական գործոնների հաշվին է ստեղծվել պետության հարկային եկամուտների հավաքման այսօրինակ պատկերը։ Նախևառաջ՝ գների։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչև մայիս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 36,6 միլիարդով աճել են բյուջեի մուտքերն ավելացված արժեքի հարկի մասով։ Ինչպես հայտնի է, ԱԱՀ-ը գնային փոփոխությունների հետ ամենակապակցված հարկատեսակն է։ Ըստ այդմ, արդեն մեկ տարուց ավելի դիտարկվող գների ընդհանուր աճը չէր կարող չհանգեցնել գանձարանի եկամուտների ավելացման։ Այսպիսով՝ արձանագրենք. կառավարության լավատեսության առարկան մասամբ ֆինանսավորվում է սպառողների վրա գործադրվող գնային ճնշմամբ։ Իսկ բյուջեի հարկային եկամուտների աճի մյուս գործոնը ռուսաստանցի «ռելոկանտների» ներհոսքն է։ Մինչդեռ այդ գործոնը իրավիճակային է, և միանգամայն հավանական է, որ որոշ ժամանակ անց ներհոսքը փոխարկվի արտահոսքի։ Համապատասխանաբար, պետեկամուտների այդ աղբյուրն անվստահելի է և ոչ մշտական, ինչը հիմնավորված լավատեսություն բնավ չի ավելացնում։

Ասենք, շատ ավելի հետաքրքիր է իրավիճակը նշյալ ժամանակահատվածում և նախորդ տարվա ցուցանիշների համեմատ բյուջեի ծախսերի մասով։ Այստեղ նախ նշենք, որ բյուջեի ծախսերի 89,9%-ը ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը։ Այսինքն, չնայած բազմաթիվ խոստումներին, կառավարությունը շարունակում է չնչին գումար (ընդամենը 10%) հատկացնել կապիտալ ծախսերին։ Դա, ուղիղն ասենք, չի ուրախացնում։ Բայց է՛լ ավելի անուրախալի է այն, որ նույնիսկ ընթացիկ ծախսերում կառավարության գերակայություններն առավել քան կասկածելի են։ Դատեք ինքներդ։

Տարեկան կտրվածքով ավելի քան 5 միլիարդով ավելացել են բյուջետային աշխատողների աշխատավարձի վճարման համար գանձարանից արվող ծախսերը: Այստեղ խոսքը նաև տխրահռչակ պարգևավճարների մասին է։ 2 միլիարդով ավելացել են ապրանքների և ծառայությունների պետգնումների ծախսերը։ 10 միլիարդով ավելացել են հատկացումները պարտքային (ներքին և արտաքին) պարտավորությունների գծով տոկոսների վճարմանը։ 6 միլիարդով աճել են, այսպես կոչված, այլ ծախսերը։ Միակ ուղղությունը, որում արձանագրվում է պետֆինանսավորման ծավալի ոչ թե աճ, այլ նվազում, սոցիալական նպաստներն ու թոշակներն են։ Անցած տարվա հունվար-մայիսի համեմատ այս տարի կենսաթոշակների և նպաստների վճարման համար գանձարանի ծախսերի ծավալը կրճատվել է 14 մլրդ դրամով կամ 5,6%-ով: Կրկնեմ. մնացած բոլոր ծախսային ուղղություններով աճ է արձանագրվել։

Է՛լ ավելի հետաքրքիր է թվում պետական բյուջեի ծախսերի բաշխումն ըստ ֆունկցիոնալ դասակարգման խմբերի։ Ահա ուրեմն, այստեղ բացարձակ ռեկորդակիրը (ավելի քան 23% աճ) հասարակական կարգի, անվտանգության և դատական համակարգի պետական ֆինանսավորումն է։ Նախորդ տարվա համեմատ՝ ընթացիկ տարում նշված նպատակների համար հատկացվել է 12,3 մլրդ դրամով ավելի մեծ գումար: Այստեղ ևս մեկ անգամ նշենք, որ այդ աճի խորապատկերին 14 մլրդ-ով կրճատվել է թոշակների և նպաստների ֆինանսավորումը։ Եվ հավելենք, որ 3 միլիարդով կրճատվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը։

Եվ էլի՝ պետական ծախսերի կառուցվածքի և տարեկան կտրվածքով դրա փոխակերպման մասին։ Ահավասիկ, Հայաստանի բյուջեի ծախսերի գրեթե մեկ երրորդը հատկացումներն են սոցիալական պաշտպանությանը։ Սակայն, եթե նախորդ տարի այդ նպատակների համար հատկացվել էր բյուջեի ծախսերի ընդհանուր գումարի 34,5%-ը, ապա այս տարի տվյալ ցուցանիշը նվազել է մինչև 31,6 %-ի։ Միաժամանակ 1,3%-ով ավելացել է հասարակական կարգի, անվտանգության և դատական համակարգի ֆինանսավորման մասնաբաժինն ընդհանուր ծախսերում: Ի դեպ, պաշտպանության ծախսերի մասնաբաժինն աճել է ընդամենը 0,2%-ով։ Հավելենք, որ դրամային արտահայտությամբ պաշտպանության վրա արվող ծախսերն աճել են 8 միլիարդով, իսկ հասարակական կարգինը, անվտանգությանն ու դատական համակարգինը՝ 12,3 միլիարդով։

Ըստ էության, սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բյուջետային միջոցների բաշխման առումով գործող կառավարության գերակայությունների մասին։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ պետական ֆինանսավորման շեշտադրումների մասին, որը կրճատվում է թոշակառուների ու նպաստառուների, և աճում՝ իրավապահ մարմինների համար: Հակասոցիալական և միաժամանակ ոստիկանական պետությունը հենց այսպիսին է լինում։