Փաստաբան․ Նարեկ Մանթաշյանը սրտի խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Հենց նոր Վարդաշեն ՔԿՀ-ից տեղեկացրեցին, որ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս խնդիրը հետևանքն է շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրեկան 100 մգ):

Այս իշխանությունները հասկանալով, որ ջուր քրեական գործերով այլևս անհնար է անձանց պահել անազատության մեջ, անում են իրավիճակից բխող ամեն ինչ, որ քաղբանտարկյալները մահանան: Դատավոր Ֆարխոյանն էլ շուրջ մեկ ամիս ժամանակ չգտավ, որպեսզի շտապ նիստ գումարի և քննարկի կալանավորման հետ անհամատեղելիությունը պարզելու միջնորդությունը, իսկ պետությունը ակնհայտորեն տապալում է Ն. Մանթաշյանի առողջության պահպանման գործառույթը:

ՔԿՀ վարչակազմը և բժիշկները եղած ռեսուրսներով անում են ամեն ինչ, բայց այդ ամենը բավարար չէ անձի առողջությունը պահպանելու համար, քանի որ չունեն համապատասխան միջոցներ»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Մանթաշյանը կալանավորվել է 2021 թ դեկտեմբերի 15-ին։

News.am