Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԼԿՏԻ ՍՈՒՏԸ. ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն առանց նախապայմանների է, այդուհանդերձ այդ նախապայմանները կան: Դրանց մի մասն արդեն բավարարված է, մյուս մասը բավարարման փուլում է:
Հիշեցնեմ, որ Թուրքիան սահմանը 1993թ. փակել էր Քարվաճառի/Քելբաջարի շրջանը հայկական վերահսկողության տակ անցնելուն պես:
1994-ի հրադադարին հաջորդած տարիներին Թուրքիան սահմանները բացելը պայմանավորում էր գոնե երկու գյուղ կամ երկու շրջան Ադրբեջանին հանձնելով: Դա թուրքական նախապայմաններից մեկն էր:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանին հանձնվեց 9 շրջան, ինչպես նաև Արցախի այլ շրջանների մի շարք բնակավայրեր:
Այս փուլում թուրքական նախապայմանները ՀՀ-ին հետևյալն են՝
1.բավարարել Ալիևի պահանջներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով,
2.պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,
3.ճանաչել հայ-թուրքական սահմանն ըստ Կարսի պայմանագրի,
4.տրամադրել Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական զույգին (միայն այս կետի մասով է նիկոլական իշխանությունը հրապարակավ անհամաձայնություն հայտնում, մյուսների մասով իրենք «OK» են):
Այս բոլոր կետերն ամրագրված են Էրդողան-Ալիև Շուշիում կնքած հակահայկական հռչակագրում, որը գործող իշխանությունները չդատապարտեցին ու խորհրդարանում տորպեդահարեցին այդ հռչակագրին տրվող գնահատականի նախագիծը:
Թուրքիան բազմիցս է նշել, որ հայ-թուրքական շփումների արդյունքները կախված են Ադրբեջանի պահանջների բավարարումից (ի դեպ, սա էլ է թուրքական նախապայման, որին պաշտոնական Երևանն ակնհայտորեն ընդառաջ է գնացել): Նիկոլն այդ պահանջները առնվազն քարոզչության մակարդակով բավարարել է՝ պարբերաբար «հիմնավորելով», որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին հերթին սփյուռքի գործն է (այս երկու հարցում էլ ՀՀ վարչապետ կոչեցյալը հանդես է գալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ):
Հիմա ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ականները և նրանց կից խոսափողները փորձում են համոզել, որ նախապայմաններ չկան, ինչը լկտի սուտ է: Ուզում են ցույց տալ, թե, իբր, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցն այդ ամենի վառ ապացույցն է:
Մինչդեռ իրականությունն այն է, որ հայ-թուրքական գործընթացը թուրքական կողմը պայմանավորում է հայ-ադրբեջանականով: Պատահական չէ, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցին անմիջապես հաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկված հարցերը չեն հանրայնացվել:
Պարզ է, որ պաշտոնական Անկարան Երևանից պահանջում է ադրբեջանական օրակարգի բավարարում ու դա անում է հրապարակավ: «Մերոնք» փորձում են թաքցնել այդ ամենը՝ դեմ տալով այն ձևական հայտարարությունը, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են ու, իբր, շաղկապված չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ:
Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպես, ինչպես ստում ու կեղծում էին, երբ հանրությանը դեմ էին տալիս հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին: