ՆԱԴԵԻՆ-ՌԱՅԵՎՍԿԻ․ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԵՐԻ ՎՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ

Հայկական կողմը տարբեր հարթակներում վարել է այս բանակցությունները՝ այդ թվում ջանալով հիշել նաև ԵԱՀԿ-ի ձևաչափը։ Այս մասին News.am-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին՝ մեկնաբանելով հայկական կողմի գործողությունները ղարաբաղյան կարգավորման հարցում։

«Բայց այնտեղ առայժմ ադրբեջանական կողմը թերըմբռնում ունի։ Նա փորձում է ասես սահմանազատվել ԵԱՀԿ-ից՝ ապացուցելով, որ դա արդեն այնպիսի ձևաչափ է, որը չի աշխատում և այլն, և այլն։ Բայց ըստ իս՝ մենք չպետք է ժխտենք այդ հարթակի շրջանակում անգամ արևմտյան մասնակիցների ներգրավման հնարավորությունը՝ չնայած Միացյալ Նահանգների հետ մեր ներկա հարաբերություններին։ Անկեղծ ասած՝ դա միակ հարթակն է, որն աշխատում է Ռուսաստանի և Նահանգների միջև»,- նշել է թուրքագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իսկապես ջանում է կարգավորման այս հարցում։ «Բայց նորից՝ չի կարելի գնալ կարգավորման, որը կհանգեցներ կողմերից մեկի իրավունքների ոտնահարման։ Թուրք-ադրբեջանական կողմն առանց այդ էլ մեծ առավելություններ է ստացել, որոնք փորձում է էլ ավելի ընդլայնել։ Հայկական կողմն առանց այդ էլ շատ է զիջել, հանձնել և այլն։ Իսկ բանը հասցնել այնտեղ, որպեսզի առհասարակ ոչնչացվի հայ բնակչությունը Ղարաբաղում, դա, իհարկե, ռուսական կողմն անթույլատրելի է համարում։ Այստեղից էլ՝ անկեղծ ասած, մեր խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղում։ Նրանց դուրսբերումը, համոզված եմ, կհանգեցներ այն բանին, որ հայերն այնտեղ պարզապես չէին կարողանա ապրել։ Լավագույն դեպքում նրանց այնտեղից կքշեն կամ կոչնչացնեն։ Դա, ցավոք, գործելակերպ է, որն արդեն կա Արևելքում։ Նրանց մոտ այդպես ընդունված է»,- նշել է քաղաքագետը։

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ բավական կարևոր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների արդյունքների և հենց բանակցությունների մասին։ «Դա նշանակում է, որ հայկական կողմը պատրաստվում է գործել Ռուսաստանի հետ փոխգործակցությամբ։ Ես դրա հույսն ունեմ։ Բայց դա հենց դրական քայլ է հայկական կողմից։ Որովհետև, անկեղծ ասած, այս շրջանում առանց Ռուսաստանի մասնակցության գրեթե անհնար է հարց լուծել, դե, իսկ այն լուծել պետք է այնպես, որպեսզի չմնան կողմեր, որոնց իրավունքները կոտնահարվեին։ Իսկ դա այս դեպքում, առաջին հերթին, վերաբերում է Հայաստանին։ Այն սույն պարագայում ավելի շատ է կորցնում, քան մյուսները։ Ուստի, իհարկե, բանակցությունների այս բարդ գործընթացը վարելը պետք է մշտապես գտնվի մեր ուշադրության տակ. թե՛ հայկական կողմի, թե՛ ռուսական։ Հայկական կողմը ջանում է հետևել այդ գործընթացին»,- նշել է նա։

Քաղաքագետը նաև նշել է, որ ռուսական և թուրքական կողմերը մշտապես կապ են պահպանում հայ-թուրքական կարգավորման հարցի վերաբերյալ։ «Բոլոր բանակցություններում, իսկ չէ՞ որ մինչ այդ եղել էին Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցները։ Այդ բոլոր հարթակներում, բոլոր բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվում ոչ միայն Ուկրաինային, ոչ միայն Սիրիային, այլև, իհարկե, կովկասյան և հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը բոլոր պարամետրերով, ինչպես և պետք էր սպասել։ Իսկ Ռուսաստանը ձգտում է այնպես հավասարակշռել այդ հարաբերությունները, որպեսզի Հայաստանը նոր կորուստներ չկրի, որովհետև առանց այդ էլ չափազանց փոքր տարածք ունի, երկիրը մեծ չէ, դե, իսկ հարևանների ախորժակն, իհարկե, անսահմանափակ է։ Ուստի, այստեղ այդ հավասարակշռությունն անհրաժեշտ է, և առանց Ռուսաստանի մասնակցության այդ հավասարակշռությունը, միանշանակ, չի պահպանվի»,- ընդգծել է փորձագետը։

Թուրքագետը ընդգծել է, որ գործողությունն Ուկրաինայում շեղում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև խնդիրների լուծումից։ Շեղվում են թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական ջանքերը, թե՛ քաղաքական գործիչների ուշարդությունը՝ ոչ միայն ներգրավված երկրների, այլև այլ քաղաքական գործիչների, որոնք Ուկրաինայից բացի ուրիշ այլ բանի մասին չեն ցանկանում լսել։ Անշուշտ, Հայաստանը պետք է աշխատի նաև արևմտյան գործընկերների հետ, որովհետև Թուրքիային այնքան էլ չես ճնշի, նշել է Վիկտոր Նադեին-Ռայևսկին։ «Խնդրի կարգավորումն ինքը, ըստ իս, պետք է ենթադրի նաև կայուն սահմաններ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որքան էլ որ Ադրբեջանը հերքի Ղարաբաղի գոյությունը... Բայց որքան էլ որ նա հերքի «հենց Ղարաբաղի ստատուս-քվո» սահմանումը, առանց դրա հարցը ոչ մի կերպ չի լուծվում։ Երկրորդ. ո՞վ է պաշտպանելու Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանները։ Միջազգային ուժե՞րը։ Շատ կասկածելի է, որ դրանք կկարողանան գլուխ հանել նման խնդրից։ Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք մշտապես տապալել առաքելություններն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Աֆրիկայում, այդ նույն Բոսնիայում և Հերցեգովինայում և այլն։ Ես հույս ունեմ, որ մենք իսկապես կլուծենք այս հարցերը քայլ առ քայլ, բանակցությունների շատ ծանր գործընթացում, բայց այս հարցերի լուծման այլ ելք չկա»,- ամփոփել է ռուսաստանցի փորձագետը։

News.am