Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՇՓՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ, ՔԱՆԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Որքան շատ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները խոսում այն մասին, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, այնքան ավելի շատ է ակնհայտ դառնում, որ դրանք նախապայմաններով են կարգավորվում, այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Որպես ապացույց կարող ենք ներկայացնել, թե ինչ է կատարվում ընդհանրապես հայ–թուրքական գործընթացի շուրջ։ Երբ խոսվում է առանց նախապայմանների մասին, դա մանիպուլյացիա է, կեղծիք է և սուտ»,– ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ նախ պետք է հիշեցնել մարդկանց, թե ինչ է նշանակում թուրքական նախապայման։ Ըստ նրա՝ երբ հայկական կողմն ասում էր, որը հարցը պետք է կարգավորվի առանց նախապայմանների, և թուրքերը նույնպես ասում էին՝ առանց նախապայմանների, հայկական կողմը նախքան 44-օրյա պատերազմը միշտ հայտարարել է, որ կողմ է հայ–թուրքական դիվանագիտական, միջպետական հարաբերություններ հաստատելուն և սահմանները բացելուն։

«Առանց նախապայմանների, մենք չենք պահանջում Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որից հետո միայն բացել հայ–թուրքական սահմանը կամ միջպետական հարաբերություններ հաստատել։ Մենք ասում ենք, որ հայ–թուրքական հարաբերությունները ամբողջական փաթեթ են, մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատել միջպետական հարաբերությունները, որի շրջանակում արդեն բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի և Թուրքիայի միջև, ենթակա են քննարկման»,– ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այդ քննարկումը կարող է տևել տարիներ և տասնամյակներ նույնիսկ, բայց զուտ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և սահման բացելը շատ արագ պրոցես է։ Սակայն Թուրքիան դրան հակադարձում էր՝ ասելով, որ ունի նախապայմաններ՝ Թուրքիան պահանջում էր 1994-ի պատերազմից հետո Արցախի վերահսկողության տակ հայտնված տարածքներից առնվազն երկու շրջան հանձնվեր Ադրբեջանին, որից հետո Թուրքիան կբացեր սահմանը, այսինքն՝ Անկարան հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը պայմանավորում էր դրանով։

«Հիմա երբ սրանք ասում են՝ նախապայմաններ չկան, ես ասում եմ, որ այդ նախապայմաններից մեկն արդեն իսկ կատարվել է, ընդորում՝ բոնուսով։ Այսինքն՝ եթե նախկինում Թուրքիան ասում էր, որ գոնե երկու գյուղ, շրջան հանձնեք Ադրբեջանին, ապա հիմա Ադրբեջանն ստացել է ինը շրջան և մի քանի բնակավայր նախկին ԼՂԻՄ տարածքից։ Այսինքն՝ նախապայմաններից ամենակարևորը արդեն իսկ բավարարված է»,– ասաց նա։

Թևանյանը նշեց, որ մյուս նախապայման այն էր, որ Հայաստանը պետք է հրաժարվեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ «Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, մասնավորապես, այն խոսքերով, որ դրանով նախևառաջ պետք է զբաղվի Սփյուռքը, նախ՝ խորը հակասության մեջ մտավ ՀՀ անկախության հռչակագրի հետ, քանի որ հռչակագիրը սահմանում է, որ Ցեղասպանության ճանաչումը պետական քաղաքականություն է։ Նիկոլ Փաշինյանը դրանով իսկ առնվազն հրապարակային մակարդակով բավարարեց Թուրքիայի այն պահանջը, որ հայերը պետք է հրաժարվեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»,– բացատրեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ հաջորդ նախապայմանը, որն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո, այն է, որ Թուրքիան հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ՝ ասելով, որ Հայաստանը պետք է բավարարի Ադրբեջանի պահանջները, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց պահանջում է հիմնականում երկու բան՝ Հայաստանը Արցախը պետք է համարի ադրբեջանական, ինչով գրեթե ամենօրյա ռեժիմով քարոզչության հարթությունում զբաղվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսը պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։

«Այս մասով Հայաստանի իշխանությունները որոշակի դիմադրություն գոնե հրապարակավ ցույց են տալիս, բայց ակնհայտ է, որ թուրքական կողմն այդ ճնշումների ներքո է տվել համաձայնությունը շփվել հայերի հետ»,– ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպում է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից, ինչը չի ստացվել Էրդողանը հրապարակավ ասել է, որ մինչև Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, Թուրքիան չի շփվի Հայաստանի հետ։ «Դրանից հետո փաստորեն տեղի ունեցան շփումները, ինչը հուշում է, որ հայկական կողմը առնվազն կուլիսներում և իր հետագա քայլերով հրապարակային, քարոզչության ֏ այլն, ցույց է տալիս, որ համաձայնել է թուրքական այդ նախապայմաններին և համաձայնել է ադրբեջանական պահանջները բավարարելուն։

«Եթե սրան գումարենք Թուրքի տարբեր չինովնիկների կողմից հնչած մոտեցումը, որ Հայաստանը պետք է ճանաչի հայ–թուրքական սահմանը՝ ըստ Կարսի պայմանագրի, մենք ստանում ենք այն ամբողջական փաթեթը նախապայմանների և պահանջների, որոնք առկա են, և որոնք Թուրքիան չի էլ թաքցնում։ Ամեն հանդիպումից հետո իրենք ասում են, որ Ադրբեջանով է պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունները»,– ասաց նա։

News.am