ՆԻԿՈԼԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ. ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼ ԵՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ» ՀԱՄԱ՞Ր

Անցավ հինգ օր, մինչ ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ը բարեհաճեցին ինչ-որ կերպ արձագանքել Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդներից մեկի՝ Մուրադ Փափազյանի հետ կապված սկանդալային միջադեպին: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նրան մերժել են մուտքը Հայաստան և հենց օդանավակայանից Փափազյանին հետ են ուղարկել Փարիզ։ Թեև արձագանքել՝ չափազանց բարձր է ասված. երկու գերատեսչություններն էլ պարզապես ստիպված էին պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանը, և արեցին դա այն աստիճան ապաշնորհ, ողորմելի և ոչ պրոֆեսիոնալ ձևով, որ այլ կերպ, քան խուսագրություն, դա չես անվանի։ Դատարկաբանեցին, միայն թե գլուխ պրծացնեն «կպչուն» մամուլից. և սրանք պետության կարևորագույն կառույցնե՞րն են ։

ԱԱԾ-ն հայտարարեց, թե «Հայցվող տեղեկատվությունը խախտում է Մուրադ Փափազյանի անձնական կյանքի գաղտնիությունը, ուստի, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»: Թե ինչ կերպ կարող է ՀՅԴ Բյուրոյի անդամի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահի անձնական կյանքը սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանը, մնաց անհասկանալի։ ԱԳՆ-ից ընդհանրապես հակիրճ հաղորդեցին, թե «հարցը արտաքին քաղաքական գերատեսչության իրավասությունից դուրս է»: Այդ «պատասխաններն» աբսուրդ ավանելը դրանց ամենամեղմ գնահատականն է, բայց նշյալ գերատեսչություններին դա ակնհայտորեն չի մտահոգում։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ ոստիկանությունը նույնպես անջրպետվեց գործից, հայտարարելով, թե որևէ գործողություն չի ձեռնարկել նշված անձի նկատմամբ։ Ստացվում է իսկը մի ինչ-որ դետեկտիվ. Սփյուռքի հանրահայտ և հարգարժան գործչին, Ֆրանսիայի նախագահի մոտ բազմիցս ընդունելության արժանացած մարդուն բռնում են Երևանի օդանավակայանում, հայտարարում պերսոնա նոն գրատա, նստեցնում ինքնաթիռ և հետ ուղարկում, բայց պետական ոչ մի կառույց հարկ չի համարում հայտնել տեղի ունեցածի պատճառները։ Ոչ ոք չի պարզաբանում, թե ինչ հիմքով է արգելված Սփյուռքի երևելի գործչի մուտքը պատմական Հայրենիք։

Առանձին խոսակցության թեմա է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, որն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել իր քաղաքացու նկատմամբ ցուցաբերված այդպիսի վերաբերմունքին։ Ինքը՝ Փափազյանը հայտարարել է, որ դիմել է դեսպանատուն, որպեսզի այնտեղ պարզեն արգելանքի պատճառները։ Միգուցե ինչ-որ արձագանք եղել է, բայց դիվանագիտությունը, ինչպես հայտնի է, չի սիրում հրապարակայնություն, ուստի զերծ մնանք տեղի ունեցածն այդ համատեքստում գնահատելուց։

News.am-ին տված հարցազրույցում Մուրադ Փափազյանը հայտարարել է, որ նման վերաբերմունքը Փաշինյանի անձնական հրահանգն էր։ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան։ Ինչի՞ հիման վրա կարող է Ֆրանսիայի քաղաքացու մուտքը Հայաստան արգելել։ Կանոններ կան աշխարհում, և որոնք ինքը չի կարող անտեսել։ Հայաստանն իր տունը չէ»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։ Ինչպես պարզվեց, Նիկոլը միանգամայն կարող է անտեսել բոլոր կանոնները՝ վստահ լինելով, որ քանի դեռ ինքը կատարում է արտաքին ուժերի բոլոր պայմաններն ու պատվերները, ոչ ոք չի համարձակվի դատապարտել կամ շշպռել իրեն։ Նույնիսկ եթե խոսքը վերաբերում է սեփական քաղաքացու իրավունքների պաշտպանությանը (տվյալ դեպքում՝ Ֆրանսիայի)։

Որպես պատճառ՝ Փափազյանը նշեց Սփյուռքը թուլացնելու և պառակտելու ՀՀ իշխանությունների ձգտումը, ինչն ընդհանուր առմամբ նորություն չէ։ Վերջին բոլոր ամիսներին խոսվում և գրվում է այն մասին, որ Փաշինյանի նպատակն է պառակտել սփյուռքահայությանը և փոխարինել Սփյուռքի ավանդական կառույցները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, նոր, իր նկատմամբ լոյալ կազմակերպություններով։ Նա փորձում է հասնել դրան իր ձեռնասուն հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով, սակայն վերջինս ակնհայտորեն ձախողվում է՝ գործնականում ամենուր արժանանալով սուլոցի ու արհամարհանքի։

«Ճեղքը, որ Փաշինյանը Սինանյանի միջոցով փորձում է առաջացնել Սփյուռքի և Հայաստանի միջև, շատ վտանգավոր է։ Ինքն ուզում է իր օրենքները ստեղծել և դրանք հարգել։ Սփյուռքի մեջ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա Փաշինյանի և իր իշխանության դեմ։ Եվ մեծ մոբիլիզացիա կա Սփյուռքում», - ընդգծում է Փափազյանը։ Շատ կուզենայինք հավատալ հարգարժան գործչին, բայց այդ մոբիլիզացիան, ցավոք, գործնականում չի երևում։

Արձագանքել է նաև ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն։ «Ազգային-կուսակցական պարտականություններով Հայրենիք մեկնած ընկերոջ Երևանի օդանավակայան ժամանման պահին առանց պաշտոնական որևէ բացատրության երկիր մուտքի արգելքը այլ բան չէ, քան Դաշնակցության նկատմամբ հստակ կեցվածք: …Լևոնտերպետրոսյանական օրերի խունտայի վարքագիծը հիշեցնող այս կեցվածքը, սակայն, անպատասխան չպետք է մնա իրավական առումով»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ Կոմիտեն նշել է նաև, որ նման գործողություններ հայի և դաշնակցական գործչի նկատմամբ կիրարկել են միայն Թուրքիան և Ադրբեջանը։ Այսպիսով, Փափազյանն այժմ անցանկալի անձ է երեք երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում. փաստ, որն ինքնին խոսուն է և լիովին ցուցադրում է ՀՀ իշխանությունների թուրքամետ դիրքորոշումը։

Բնավ պատահական չէ, որ ՀՅԴ-ն հիշատակել է Տեր-Պետրոսյանին. ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. հունիսի 29-ին, առաջին նախագահը Հայաստանից արտաքսեց կուսակցության մեկ այլ ականավոր գործչի՝ Հրայր Մարուխյանին, ինչը դարձավ ՀՀՇ-ի կառավարման ամենախայտառակ փաստերից մեկը։ Այսինքն Փաշինյանն այս հարցում նույնպես շարունակում է իր քաղաքական գուրուի ավանդույթները։

Մինչդեռ հետաքրքիր վարկած է հայտնել Գլենդեյլում հրատարակվող «Օրակարգ» թերթի (ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի պաշտոնաթերթ) գլխավոր խմբագիր Զարեհ Աճեմյանը։ Հուլիսի 15-ին «Սա ոչ այլ ինչ է, քան պետականության անկում» վերնագրով հրապարակված հոդվածում նա գրում է, որ Մուրադ Փափազյանին Հայաստանից արտաքսելու կոնկրետ պատճառը պետք է փնտրել Աննա Հակոբյանի վերջերս Ֆրանսիա կատարած այցի մեջ։

«Մուրատ Փափազեանի ընտրութիւնը չի կարող պատահական լինել: Յուլիսի սկզբնաւորութեան երբ Զարեհ Սինանեանի այցը Ամերիկա և յատկապէս Քալիֆորնիա հայ համայնքների բուռն ընդդիմութեան արժանացաւ, փաշինեանական վարչակարգը փորձեց այս անգամ Սինանեանի կողքին Աննա Յակոբեանին էլ պետական բիւջէի հաշուին ուղարկել Ֆրանսիա, որպէսզի մի կերպ պարտկի Սինանեանի սփիւռքեան խայտառակութիւնը: Աննա Յակոբեանի այցը ևս չկարողացաւ հայ համայնքի ուշադրութեան արժանանալ, և Ֆրանսահայ կազմակերպութիւնները հրաժարուեցին դիմաւորել ապազգային իշխանութիւնների ներկայացուցիչներին, որոնք ի վերջոյ ստիպուած ներկայացան մի հայազգի թրքամետ լոբիիստի կազմակերպած անգոյն միջոցառմանը և անյաջողութեամբ վերադարձան Հայաստան:

Սակայն Աննա Յակոբեանին չդիմաւորելու փաստը Հայաստանի իշխանաւորների մօտ ոչ թէ քաղաքական ակտ որակուեց այնպէս որ էր իր բնոյթով, այլ իբրև անձնական վիրաւորանք՝ այնպէս որ ընդունուած է փոքրոգի և տհաս մարդկանց մօտ: Եվ այս խայտառակութեան պատասխանը պէտք է լինի այնպէս (ՀՀ իշխանությունների կարծիքով-Մ.Գ.), որ Ֆրանսիայի բոլոր հայկական կազմակերպութիւններին ու միւս գաղութների կազմակերպութիւններին դաս լինի, որ սրանից յետոյ իրենց «լաւ պահեն» վարչապետի կնոջ առջև: Եվ այսպիսի փողոցայն տրամաբանութեամբ արգիլւում է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայաստանին, Արցախին ու հայութեան տարիների ծառայութւն մատուցած ազգային գործիչ՝ Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստան:

Աննա Յակոբեանը, որ որևէ պաշտօն չունի Հայաստանի Հանրապետութիւնում և որևէ պետական հանգամանք չի ներկայացնում, դարձել է որոշիչ ազդակ, թէ ով է կարող մուտք գործել Հայաստան և ով՝ ոչ:

Սա ոչ այլ ինչ է քան պետականութեան անկում»,- ասվում է հոդվածում։

Ավելի վաղ «ԳԱ»-ն հանգամանորեն գրել է Հակոբյանի Լազուրե ափ կատարած այցի մասին, ընդգծելով, որ նա այնտեղ շփվել է հիմնականում թուրքական հայտնի լոբբիստ Սամսոն Օզարարատի կարգի կասկածելի անձանց հետ, և որ այցի գլխավոր նպատակը հայկական Սփյուռքին համոզելն էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մեջ: Ավելի ուշ մամուլում և սոցցանցերում չհաստատված տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Էրատոն» Կաննում հանդիպել է թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ։ Մինչդեռ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները հրաժարվել են ընդունել նրան։

Հաշվի առնելով Փաշինյանի կնոջ ինքնասիրահարվածությունն ու եսամոլությունը՝ Փափազյանից այդ կերպ «վրեժ լուծելը» միանգամայն նրա ոգով է։ Իսկ հաշվի առնելով առհասարակ այդ ընտանիքի բարքերը՝ կարելի է չկասկածել, որ նրանք առաջնորդվում են նախևառաջ անձնական քմայքներով՝ ի վնաս պետական շահերի։ Բայց կասկածից նույնքան վեր է մեկ այլ բան. Փաշինյանն ու Հակոբյանը պատերազմ են հայտարարում Հայաստանի և Արցախի իրական շահերին պաշտպան կանգնած Սփյուռքին։ Ուստի հայոց պետության օգտին աշխատած և աշխատող ցանկացած գործիչ նրանց համար անձնական թշնամի է։ Եվ ինչպես որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի ներսում է ֆիզիկապես և հոգեպես սպանում, ստիպում երկրից արտագաղթել բոլոր իսկական հայերին, նույն կերպ էլ նրանք կգործեն Սփյուռքի նկատմամբ՝ չպահպանելով պահվածքի որևէ կանոններ ու նորմեր։

Եթե հիշում եք, Բաքվի ԱԳՆ-ը ժամանակին «սև ցուցակ» ուներ, որտեղ ընդգրկված էին Արցախ այցելած նշանավոր մարդիկ՝ ողջ աշխարհից։ Անցանկալի անձանց այդ ցուցակում, որոնց արգելված էր մուտքն Ադրբեջան, կային աշխարհում հայտնի բազմաթիվ փառավոր անուններ։ Կարելի է չկասկածել, որ շուտով Հայաստանում կհայտնվի սեփական «սև ցուցակը», որտեղ կներառվեն նրանց անունները, ովքեր պաշտպանում են ազգային շահերն ու դիմադրում Փաշինյանի, Հակոբյանի և մնացյալ ողջ հանցավոր խաժամուժի հակահայկական ծրագրերին։

Վստահ եղեք. այդ ցուցակում կլինեն ոչ միայն հայտնի ու հարգված գործիչներ, Հայաստանի և Արցախի ճշմարիտ հայրենասերներ։ Նրանցից շատերը նշված կլինեն նաև երկու ցուցակներում. Ալիևի և Փաշինյանի։