Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ․ ԵՄ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԵԶՈՔ ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ

ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է ընդամենը հուշագիր, որը ոչ մի իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է, բայց անկախ դրանից, ԵՄ-ն սրանով ընդգծում է, որ Ադրբեջանն իր համար կարևոր նշանակություն ունի: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ անվտանգության փաստաթուղթ է ստորագրել:

«Ադրբեջանը նախորդ տարի 8 մլրդ խմ գազ է արտահանել դեպի Եվրոպա, այս տարի դա հավանաբար, կհասցնի 10 մլրդ-ի: Սա իր առավելագույնն է ներկա պահին: Ավելի շատ արտահանում իրականացնելու համար Ադրբեջանը ստիպված է լինելու նոր ներդրում անել և նոր խողովակաշար կառուցել, եթե ուզում է արտահանումը հասցնել 20 մլրդ-ի: Սա մի փոքր կասկածելի է, որովհետև ԵՄ-ն իր առջև խնդիր է դրել մինչև 2030 թվականը ընդհանրապես գազից հրաժարվել»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, որ ԵՄ-ի տարեկան պահանջարկը 400-500 մլրդ խմ է, որից 150-200-ը մատակարարում էր Ռուսաստանը. «Այսինքն Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր չի կարող ռուսական գազին այլընտրանք լինել: Այստեղ Հայաստանի համար են խնդիրներ ծագում, որովհետև ԵՄ-ն փորձում է միջնորդ լինել Արցախի հարցում, պարզ է դառնում, որ ինքը չի կարող միջնորդ լինել, քանի որ ադրբեջանական գազի կարիքն ունի»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Հարցին, թե Ադրբեջանը կկարողանա՞ այդ լծակներն օգտագործելով իր համար շահավել կերպով լուծել Արցախի հարցը, Հայաստանի հետ կապված սահմանային հարցերը և այլն, փորձագետը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ ԵՄ-ն այս պարագայում չի կարող չեզոք միջնորդի դեր խաղալ: Բոլորովին կարիքը չկար, որ Եվրահանձնաժողովի մակարդակով Ադրբեջանի հետ հուշագիր կնքելու: ԵՄ-ի այս քայլը նշանակում է, որ նա Ադրբեջանին սիրաշահելու PR է անում: Բացի այդ, Եմ-ն Արցախի հարցում օբյեկտիվ միջնորդ լինելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ ներուժ: Ցանկություն չունի, որովհետև Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրում, ներուժ էլ չունի, որովհետև ԵՄ-ն չունի աշխարհաքաղաքական այն ազդեցությունը որ ինչ-որ բան տարածաշրջանում փոխի»:

Մանվելյանը հավելեց, որ ելնելով դրանից Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

«ԵՄ-ն երբեք չի փայլել սկզբունքայնությամբ: Ադրբեջանը տասնյակ տարիներ քաղբանտարկյալներ է ունեցել և ունի, մրդու իրավունքներն են ոտնահարվում, բայց ԵՄ-ն որևէ էական քայլ չի արել դրա հետ կապված: Իսկ 44-օրյա պատերազմի ընթացում ԵՄ-ն ընդամենը մի դատապարտող հայտարարություն ընդունեց, իբր Գյանջայի ռմբակոծման հետ կապված:

News.am