«Ժողովուրդ». ՇԱՏ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՎ ՉԳՆԱԼ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի դատական համակարգում էլի խառնաշփոթ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ դատավորներ որոշել են բոյկոտել և չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին: Իսկ ի՞նչն է վրդովել Հայաստանի իշխանության երրորդ՝ դատական ճյուղին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետևել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում:
Ավելին՝ դատավորների մի մասն էլ նշել է, որ արձակուրդում է և ներկա չի լինելու ժողովին: Հուլիսի 27-ին հրավիրված ժողովը, ամենայն հավանականությամբ, չի կայանա քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ ժողովը հրավիրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ժողովի նպատակը ԲԴԽ անդամների թափուր մնացած տեղերում նոր անդամներ ընտրելն է:
Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց»։