Այս հատվածում տեսախցիկներ չկան. Ցեղասպանության թանգարանը` սկանդալային տեսանյութի մասին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան, Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը` մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը:

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը` ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:

«Հուշահամալիրի տարածքը հսկվում է, այնտեղ ոստիկաններ կան։ Կոնկրետ համալիր տանող ճանապարհին, որտեղ նկարահանվել է տեսանյութը, տեսախցիկներ չկան»,- ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։

Ամենայն հավանականությամբ, խուլիգանը պարզապես օգտվել է պահից, երբ նկատել է, որ տեսախցիկների և ոստիկանության տեսադաշտից դուրս է և արագ տեսագրություն է արել։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Ի դեպ, դա միայն մեկ տեսանյութն է, որը նկարահանել է այդ անձը։ Այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։