Իսկանդարյան. Գլոբալ փոփոխությունները կազդեն ամբողջ հետխորհրդային տարածքի վրա
Գլոբալ փոփոխությունները կազդեն ոչ միայն Հարավային Կովկասի, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի վրա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Շատ բան է փոխվել։ Նոր իրավիճակի է հանգեցրել ոչ այնքան Ուկրաինայի պատերազմը, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը, որն ավելի ընդարձակ է, քան Ուկրաինայի պատերազմը։ Սա նոր իրավիճակ է, որը կազդի ողջ հետխորհրդային տարածքի վրա։ Ավանդաբար չեզոք Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալը շատ լուրջ է»,-ասաց քաղաքագետը։
Այս ամենը, նրա խոսքով, հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը սկսում է շրջանցող ուղիներ փնտրել։
«Եվ դա վերաբերում է նաև հաղորդակցությանը։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի փոխգործակցության մասին է այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը և նույնիսկ Լատինական Ամերիկան։ Դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին, մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ փոխգործակցությանը»,-ասաց փորձագետը։
«Ռուսաստանը երրորդ երկրներով տարբեր ապրանքներ է ստանում։ Եվ մենք գիտենք, որ պատժամիջոցների կիրառման ժամանակ հենց այդպես է լինում»,-հավելեց Իսկանդարյանը։