ԻՆՉՈ՞Ւ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԵՆՑ ԲՈՒՆ TV-ԻՆ

Օրեր առաջ տեղի ունեցավ հեռահաղորդակցության մայրաքաղաքային սփռման լիցենզիաների տրամադրման մրցույթ, որի արդյունքով՝ հաղթող ճանաչվեց Բուն TV համացանցային հարթակը: Այդ լիցենզիան, հիշեցնենք, թափուր էր մնացել «Արմնյուզ» հեռուստաալիքի փակվելուց հետո։ «Բուն TV» կազմակերպության հետ մրցում էին «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»-ը, «ՅԱՆ Թիվին» և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը: Մրցույթի արդյունքներով ինչպես պարզվեց, ամենից շատ միավորներ ստացավ հենց Բուն-ը:

Թե ինչ ծրագիր էին ներկայացրել տվյալ լրատվամիջոցները և ինչո՞ւ նախապատվությունը տրվեց Բուն TV-ին, հայտնի չէ, բայց փորձենք հարցն այլ տեսակյունից դիտարկել:

Այսպես, Բուն գիտամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից:

Դրամական միջոցները ստացել է բացառապես «Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան», հանրային շրջանում հայտնի՝ Սորոսի հիմադրամից: Համենայնդեպս այլ աղբյուրներից ֆինանսավորված ծրագրերի մասին, տեղեկություն հայթհայթել, չհաջողվեց։ Սկսած 2014 թվականից մինչև հիմա Բուն TV-ն ստացել է շուրջ 142 հազար դոլար դրամաշնորհ:

Առաջին դրամաշնորհը՝ 10,700 ԱՄՆ դոլար, տրվել է դասախոսությունների շարքի համար, որոնց թեմաներն են եկեղեցու և պետության փոխազդեցությունը, կրոնը և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, բնակելի հողերի օգտագործումը՝ որպես գերեզմանոց և ԼԳԲՏ համայնքի իրավունքները և հանդուրժողականությունը:

2016-ին էլ 15 հազար դոլարի դրամաշնորհ ստացել է մարդու իրավունքներին և քաղհասարակությանը վերաբերող հոլովակներ պատրաստելու համար: Պատրաստել է ակտիվիստների մասնակցությամբ տեսանյութեր:

2017-ին էլ 67 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Ապրիլյան պատերազմի թեմայով: Այս թեմայով եղել են դասախոսություններ, որոնցից մեկը կարդացել է օրինակ նախկին իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը:

2018-ին էլ 41 400 դոլար դրամաշնորհ ստացել է մարզերում մարդու իրավունքների և սոցիալական արդարության թեմայով դասախոսությունների և քննարկումների շարք անելու համար:

2019-ին 25,500 դոլար դրամաշնորհ ստացել է նպաստելու միգրացիայի վերաբերյալ դասախոսությունների շարք պատրաստելու համար:

Վերջին դրամաշնորհը ստացել է 2021-ին՝ 28,000 դոլար, որը տրվել է քաղաքական կուսակցությունների ծրագրեր-տեսլականների մասին տեսանյութերի համար:

Պետք է նաև նշել, որ Բուն TV-ի դասախոսությունների մասնակիցների մեծ մասը հիմնականում «սորսոամերձ» կամ հենց «սորոսական» կոչվող փորձագետներն են:

Հետաքրքրական է, որ մինչեվ 2018 թվականը, այս իշխանության մաս կազմող պաշտոնյաներից շատերը այս կամ այն ձևով ներգրավվածություն են ունեցել այս կազմակերպության աշխատանքներին, օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Հարությունյանը, Թագուհի Ղազարյանը, Սոս Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը:

Իսկ իշխանափոխությունից հետո եղավ հակառակը, շատերը դարձան պատգամավոր, նախարար, Ժաննա Անդրեասյանը և Բուն TV-ի հիմնադիրներից Գեմաֆին Գասպարյանը՝ ԿԳ փոխնախարարներ:

Գեմաֆին Գասպարյանը փոխնախարարի պաշտոնից մեկ տարի հետո ազատվեց սեփական դիմումի համաձայն: Այն ժամանակ, մամուլը գրեց, որ պատճառը գնումների գործընթացներում եղած չարաշահումներն են եղել:

Հիմա Գեմաֆին Գասպարյանը նորից շարունակում է ղեկավարել Բուն TV-ին, ավելին՝ այստեղ են նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի նախկին տեղակալները, ՔՊ-ական պատգամավոր Միքայել Զոլյանը:

Ուշագրավ է, որ այս իշխանությունը տարբեր հրապարակային ելույթներում առանձնացնում է Բուն TV-ին: Այսպես, դեռ կրթության նախարար եղած ժամանակ Արայիկ Հարությունյանը, լինելով ոլորտը ղեկավարող պաշտոնյա, հորդորում էր ինքնակրթությամբ զբաղվել և նայել մասնավոր և «Սորոսի հիմնադրամից» սնվող Բուն TV: Հեռու չգնանք, ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանը ևս չի թաքցրել իր հատուկ վերաբերմունքը, ավելին, Բուն TV-ի յութուբյան ալիքի գլխավոր հոլովակում էլ հնչում է նախկին իմքայլական պատգամավոր, այժմ ՀՌՀ անդամ Վահագն Թևոսյանի ձայնը:

Ստացվում է, որ կազմակերպությունը ոչ միայն «սորոսականի» համբավ ունի, այլ նաև փաստացի միայն այդ հիմնադրամից է ֆինանսավորվել և գործունեություն ծավալել հենց այդ հիմնադրամի գաղափարներով, որոնք հիշեցնենք` ամբողջ աշխարհով մեկ առնվազն կասկածելի են և համարում ունեն պետությունների համար վտանգավոր։

Ստացվում է նաեվ, որ լրատվամիջոցը այսօրվա կարկառուն իշխանականների հետ անմիջական կապեր ունի ու չի բացառվում նաև, որ հովանավորվում է քպական իշխանության կողմից և այդ պատճառով է որ հաղթել է մրցույթում։ Մրցույթում հաղթանակը կասկածելի կարող էր չլինել, եթե բոլոր մասնակիցները լինեյին մի «կալիբրի», այսինք համացանցային հեռուստաընկերություններ, բայց այս դեպքում «Բուն TV» հաղթել է բազմամյա հեռարձակվող «Հայկական Երկրորդ Հեռուստալիքին»՝ h2-ին, որը հայտնի է հեռուստադիտողին դեռ 90-աններից, որպես սկզբում «Մշակույթ», այնուհետ «Պրոմեթևս», իսկ 2004 թվականից որպես h2: h2-ը անցած 24 տարիների ընթացքում մշտապես եղել է առաջատար դիրքերում, իր սկսած լրատվական, վերջացրած գիտամշակութային և զվարճալի հեռուստահաղորդումներով, իր հայտնի հաղորդավարներով և ավանդույթներով, մինչ օրս հեռարձակում է իր եթերը, կաբելային ալիքներով, ոչմի օր չընդատելով իր եթերը։ Տեսանելի է թե տեխնիկական հնարավորությունները, թե մարդկային ռեսուրսը ու այս համեմատության մեջ, ակնհայտ են խտրականության տարրերը։ Նաև, այս համատեքստում, կարելի է հիշել որ h2-ը անցած տարվա մրցույթում լիցենզիայից զրկվելուց հետո, դատական վեճերի մեջ է ՀՌՀ հետ և հերթականությամբ հաղթում է իր հացով ներկայացված նիստերում։ Ստացվում է, ՀՌՀ և h2 դատական վեճերն ու հեռուստաալիքի դատական հաղթանակներն էլ, կարող էին իրենց գործն անել, հանձնաժողովի անդամների մրցույթի ոչ օբյեկտիվ գնահատելու մեջ, քանի որ հանձնաժողովը փաստացի կարող է պատժվել, ոչ ճիշտ մրցույթ անցկացնելու համար։

Հետաքրքրական կլինի իմանալն, թե ի՞նչ միջոցներով է բացառապես դրամաշնորհներով գործունեություն իրականացրած Բուն TV-ն կատարելու ներդրումներ, պահելու աշխատակազմ մինչև կարողանա գովազդային և այլ եկամուտներ ապահովի և մեծ հաջողության դեպքում դառնա ինքնաբավ։ Եթե նույնանման հոսքերն են ապահովելու հեռուստաալիքի ներդրումները, այդ դեպքում ստացվում է, որ մեր տեղական հեռարձակողների մեջ հայտնվելու է մեկը, որը միջնորդավորված ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի հիմնադրամի փողերով, որը հայտնի է տարատեսակ միջազգային սկանդալներով, թուրքական և ադրբեջանական կապերով։

Մամուլը մեկ անգամ չի, որ գրել է Սորոս-Ալիև, Սորոս-Էրդողան գաղտնի օրակարգով հանդիպումների մասին, իսկ վերջերս էլ պարզվեց, որ Հայաստանում գործող Սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես Ջորջ Սորոսի անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի ընկեր Էրդողանը կամ էլ Իլհամ Ալիևը:

Թե որքանով է օբյեկտիվ եղել ընտությունը և ինչպե՞ս հաղթեց հենց Բուն TV-ին, ի՞նչ վտանգներ կարող է լինել եթերային քաղաքականության մեջ, հուսով ենք` շուտով կպարզվի:

Yerevan Today