Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՅՍ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԵԼ ՄԵՐ ՓՈՔՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը։
Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են, ազգային հարցերում գահավիժելու ենք։
Ինչու՞։ Ասեմ…
Նրանց քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։
Նրանց առաջնորդն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։
Նա էր ալիևներին «կիրթ ու կառուցողական» համարում։
Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։
Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել,այլ իր «ժողովրդավարությունն» ու թուրքերից «դրական ազդակներ ստանալը»։
Նա է բերել կապիտուլյացիա և շուրջ 190 բնակավայր հանձնել թշնամուն։
Նա է հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից, որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։
Նրա անգործության արդյունքում է, որ թշնամին Հայաստան է մտել։
Եվ, վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը հանուն իր աթոռի։
Եթե հույս ունեք,որ այս փաստերը ձեր համատարած քարոզվող ստի մեջ կորելու են՝ սխալվում եք։
Այն, ինչ դուք արեցիք մեր հաղթանակների, արժեքների ու հայրենիքի հետ՝ մարսելի չէ սերունդների համար»։